Եվրամիությունն աջակցում է Զելենսկու՝ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելուն
Եվրամիությունն աջակցում է Վլադիմիր Զելենսկու՝ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելուն, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունների ժամանակ «ընտրություններ անցկացնելու կարիք չկա»։ «Ընտրություններում մենք կռվում ենք միմյանց հետ, բայց այստեղ [Ուկրաինայում] իրավիճակն այնպիսին է, երբ կա արտաքին թշնամի, և մենք պետք է բոլոր ուժերին ուղղենք նրա դեմ»,- նշել է Կալլասը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները «շատ լայնորեն ներկայացնում են ռուսական նարատիվները»։
Նա նաև ասել է, որ Եվրամիությունը դեռ չի քննարկում Ուկրաինա «խաղաղապահներ» ուղարկելու հարցը։ «Խաղաղապահներ ուղարկելու համար նախ խաղաղություն է պետք»,- ասել է նա։