ԵՄ փորձագետները դրական եզրակացություն են տվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման փաստաթղթային հիմնավորմանը
Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի փորձագետների եզրակացությունը և նրանց տված գնահատականները Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրության վերաբերյալ հավաստում են, որ Հայաստանը ատոմային էներգիայի շահագործման և միջուկային անվտանգության ապահովման առումով ճիշտ ուղու վրա է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանը՝ ներկայացնելով Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի երկարաժամկետ շահագործման անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի դիտարկման ARRA08 ծրագրի արդյունքները։
Գրիգորյանի խոսքով՝ եվրոպական փորձագետների տված գնահատականների համաձայն էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման թույլտվությունը հիմնավորված է:
«Նրանց եզրակացությունները հավաստում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, հավաստում են, որ անվտանգությունը գերակա խնդիր է մեզ համար և անվտանգության վրա ուշադրություն դարձրել ենք, մեր որոշումները համարժեք են եվրոպական փորձագետների որոշումներին, և մեր կողմից տրված թույլտվությունը հիմնավորված է: Այս փուլում արված աշխատանքները, հատկապես ռեակտորի իրանի թրծումը և դրանից հետո անվտանգության գնահատումը ցույց տվեցին, որ ռեակտորի իրանը ունի բավարար ռեսուրսներ մինչև 2039 թվականը աշխատելու համար: Եթե այլ կոմպոնենտների մասով նույնպես հիմնավորվի դրանց ռեսուրսը, ապա կարող ենք մտածել 2026 թվականից հետո շահագործման մասին: Եվ կայանը արդեն քայլեր է ձեռնարկում նոր՝ 2026 թվականից հետո շահագործելու հիմնավորման համար: Արդեն թողարկումից հետո սկսել են նոր ծրագրեր մշակել, նոր ֆինանսավորումներ հայթայթել», – տեղեկացրեց Վահե Գրիգորյանը:
Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, ինչպես հայտնի է, երկարացվել է մինչև 2026 թվականը:
Կարգավորող մարմնի փոխնախագահի խոսքով՝ դրա լիցենզիան տրամադրվել է 2021 թվականին: Եվ քանի որ այդ աշխատանքներն իրենցից ներկայացնում են անվտանգության բազմաթիվ միջոցառումներ և փաստաթղթային բազմաթիվ հիմնավորումներ, – խոսքը հազարից ավելի փաստաթղթերի մասին է, որոնց դիտարկման համար անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, ժամանակ և ֆինանսներ, – այդ իսկ պատճառով 2015-16 թթ., երբ արդեն քննարկվում էր 2-րդ էներգաբլոկի ժամկետի երկարացման հարցը, հայկական կարգավորող մարմինը խնդրել է Եվրոպական հանձնաժողովին տրամադրել եվրոպական փորձագետներ, որպեսզի աջակցեն հայկական կողմին փաստաթղթերի դիտարկման, որոշումների կայացման պրոցեսում: Նպատակն էր համոզվել, որ ճիշտ որոշումներ են կայացվում և ճիշտ եզրակացություններ են արվում փաստաթղթերի վերաբերյալ: 2016 թվականին եվրոպական կողմի հետ ստորագրվել է համաձայնագիր, որով տրամադրվել է աջակցություն:
«Ծրագիրը ի սկզբանե նախատեսված էր երեք տարվա համար, բայց հետագայում այն երկարաձգվել է ևս երկու տարով, և այսօր ավարտում ենք այդ միջոցառումը», – հավելեց Վահե Գրիգորյանը: