Եղինջի կախարդական հատկությունները

Եղինջը, որն ունի 60-150 սմ բարձրություն, աճում է ամենուրեք` խոնավ եւ օրգանական նյութերով հարուստ հողերում:  Եղինջն ունի արտահայտված արյունահոսության դադարեցնող, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող, միզամուղ, հակատենդային, խորխաբեր ազդեցություններ, ինչպես նաեւ աչքի ընկնող լուծողական, ցավազրկող հատկություններ:

Այս առումով դեղաբույսը օգտագործվում է արգանդային, երիկամային, աղիքային, թոքային արյունահոսությունների ժամանակ: Այն լավ միջոց է սպիացող վերքերի բուժման դեպքում: Վաղուց ի վեր բույսի տերեւները եւ արմատները ժողովուրդը օգտագործել է հազի, միզակապության, բարձր ջերմությամբ ընթացող բորբոքային հիվանդությունների դեպքում: Բույսի օգտակար հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել սակավարյունության, մկանային եւ հոդային ռեւմատիզմի, մաշկային եկզեմաների, լյարդի եւ լեղածորանների, մարսողության խանգարումների, ստամոքսի ցավերի ժամանակ:

Կերակրող մորը խորհուրդ է տրվում խմել այս բույսի թուրմը՝ որպես կաթն առատացնող միջոց: Տերեւներում հայտնաբերված են վիտամիններ` K, C, B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, պանտոտենաթթու, ինչպես նաեւ մրջնաթթու, քլորոֆիլ, դաբաղանյութեր, խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին, սիտոստերին, գլիկոզիդ, ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից` կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, ալյումին, վանադիում եւ այլն։ 100 գրամ եղինջը պարունակում է 0,5 գ ճարպ, 3,7 գ սպիտակուցներ, 3,1 գ մանրաթել, 5,4 գ ածխաջրեր: Պտուղները պարունակում են մինչեւ 32,5% ճարպայուղ։ Բույսի մատղաշ տերեւները 2 անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին եւ չիչխանի պտուղներին:

Եղինջը լայն կիրառություն ունի բուժական տարբեր հավաքների մեջ` նախատեսված տարբեր հիվանդությունների բուժման համար: Եղինջը ունի նաեւ հակացուցումներ. երիկամային հիվանդության, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի դեպքում, ինչպես նաեւ նրանց, որոնց արյունը խիտ է: Հղիներին հակացուցվում է նաեւ այն հաբերը, որոնք եղինջի հիմքով են պատրաստված, քանի որ այն արագացնում է ծննդաբերությունը:

Share This