ԵԽԽՎ նախագահին Բաքվում Պերսոնա նոն գրատա են հայտարարել
ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հայտարարությունները Բաքվում սվիններով են ընդունել։
«Մենք խստորեն մերժում և դատապարտում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի՝ Alpha News-ին տված հարցազրույցում արված հակաադրբեջանական հայտարարությունները»,-նման հայտարարություն է տարածել այդ երկրի ԱԳ նախարարությունը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մասնավորապես հայտարարել է.
«Հայտնի է, որ Ռուսոպուլոսը, Շվաբեն և նրանց նման մի շարք մարդիկ, չնայած ադրբեջանական կողմի երկխոսության բաց լինելուն, նույնիսկ Ադրբեջանի դեմ ձեռնարկված քայլերից հետո՝ խախտելով Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը և ԵԽԽՎ-ի կողմից լիազորությունների չարաշահումը, մշտապես փորձում են նսեմացնել մեր երկրի դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի և արդարության վրա։
Մեր պետության ղեկավարին վիրավորելը, նրան «բռնապետ» անվանելը բոլորովին գծից դուրս է. քաղաքական ձախողում է և անտեղյակություն։ Վեհաժողովում առկա հիստերիան և այն ղեկավարող բռնապետ Ռուսոպուլոսը ԵԽԽՎ-ում տիրող անմխիթար իրավիճակի դրսեւորումն է։ Նույն իրավիճակը կարելի է նկատել Եվրախորհրդարանում։
Թեոդորոս Ռուսոպուլոսի, ինչպես նաև ԵԽԽՎ 76 անդամների անունները, ովքեր պաշտպանել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու կասկածելի նախաձեռնությունը, հայտնվել են սև ցուցակում։ Եթե Ռուսոպուլոսը փորձի մտնել Ադրբեջան, նրան կարտաքսեն»։
Նշենք, որ Alpha News-ի հարցին ի պատասխան, խոսելով Ալիևի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կատարելուց հրաժարվելու վերջնագրի մասին, Ռուսոպոլոսը մասնավորապես նշել է. «Մենք ոչնչից չենք վախենում, չենք վախենում Ալիևից կամ որևէ մեկից, ով իրեն բռնապետի պես է պահում։ Այսպիսով, հիմա սա մի հարց է, որը ես հույս ունեմ, որ Նախարարների կոմիտեն պետք է որոշի: Վեհաժողովի դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք որոշել ենք, որ մեր անդամ երկրներից ոչ մեկը չի կարող ասել, որ ես չեմ հարգում կանոնները, ես կհրաժարվեմ այդ մարմնից, ինստիտուցիոնալ մարմնից կամ այլ ինստիտուցիոնալ մարմնից»։