Եթե Թուրքիան քաղաքական կամք ունենա, մեր հարաբերությունները հենց վաղն ամբողջությամբ կկարգավորվեն. Ռուբինյան

Tert.am-ը գրում է.

Հայաստանն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները և լիովին կարգավորել հարաբերությունները նույնիսկ վաղը, եթե թուրքական իշխանությունը քաղաքական կամք դրսևորի։ Այս մասին Երևանում տեղի ունեցած՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Իրականում Հայաստանի բոլոր կառավարությունները 1991 թվականից՝ մեր երկրի անկախացումից ի վեր, երբևէ պատմությունը չեն դրել Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեջ, մենք միշտ պատրաստ ենք եղել բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ, և եթե մեր թուրք հարևանները քաղաքական կամք դրսևորեն, ապա կարող ենք լիովին կարգավորել հարաբերությունները նույնիսկ վաղը»,-ասել է նա։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։

2021 թվականին Թուրքիան և Հայաստանը կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն է Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանինը՝ Ռուբեն Ռուբինյանը։

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդը՝ 2022 թվականի փետրվարի 24-ին Վիեննայում, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 3-ին, իսկ չորրորդը՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում։

5-րդ հանդիպումը Մարգարա սահմանային կետում կայացել է 2024 թվականի հուլիսի 30-ին։

Share This