ԴԵԺԱՎՅՈՒ. ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՐՑԸ՝ ԱՐՑԱԽԻ ՍՑԵՆԱՐՈՎ
44-օրյա պատերազմից մեկ տարի անց հայաստանյան վերջին օրերի իրադարձությունները դեժավյու են առաջացնում եւ մտավախություն, որ Սյունիքում էլ կրկնվում է նույն սցենարը, ինչ մեկ տարի առաջ Արցախում։
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է մինչեւ վերջին պահը գաղտնի պահել Սյունիքով տրվող ճանապարհ-միջանցքի շուրջ բանակցությունները, իսկ ոմանց պնդմամբ՝ պայմանավորվածությունները։ Փոխարենը սկսել է փակ հանդիպումներ կազմակերպել, նախօրեին հյուրընկալել էր Սյունիքի մի շարք համայնքապետերի կամ նրանց ներկայացուցիչների։ Տարածված հաղորդագրությունից, ապա նաեւ լրատվամիջոցների հաղորդած տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Փաշինյանը քննարկել է Սյունիքում ստեղծված իրավիճակը, ասել, որ ճանապարհ-միջանցք են ուզում, սակայն թե ինքն ինչ է անելու՝ չի ասել, լուծումներ չի ներկայացրել։
44-օրյա պատերազմի օրերին էլ նա, տարբեր ֆորմատներով, փակ հանդիպումներ էր ունենում, երկու հանդիպում էլ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ նախաձեռնեց։ Այդ հանդիպումների ժամանակ իրավիճակի մասին տեղեկատվություն էր փոխանցում՝ պայմանով, որ մասնակիցները դա չեն հանրայնացնելու։ Ֆորմալ առումով՝ իբրեւ թե խորհրդակցում էր քաղաքական ուժերի հետ, իսկ իրականում քարտ-բլանշ էր փորձում ստանալ նրանցից՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման համար։ Իսկ պատերազմից հետո դա նրան հնարավորություն տվեց մեղքը բարդել բոլորի վրա, ասել, որ իրավիճակի մասին տեղյակ են եղել բոլորը, բայց իրեն չեն աջակցել ցավոտ զիջումների մասով, չեն ասել՝ հոկտեմբերի 19-ին հրադադար կնքի, ասել են՝ պետք է կռվել, ուստի ինքն էլ 44 օր ձգել է պատերազմը, եւ ունեցանք այն, ինչ ունենք։ Չնայած ընդդիմադիրները կատարվածից հետո փորձեցին հակառակվել՝ վստահեցնելով, որ այդ քննարկումների ժամանակ ելքեր են առաջարկել, սակայն, քանի որ այդ ժամանակ լռել էին, նրանց ոչ ոք չհավատաց։
Հիմա նույն սցենարը կրկնվում է Սյունիքի հետ կապված․ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում միայնակ պատասխանատվություն ստանձնել, կտրուկ որոշումներ կայացնել, եւ սպասվում է, որ ինչպես 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, թե 7 շրջանները, Շուշին ու Հադրութը տվել է, որ Ստեփանակերտը փրկի եւ փրկի 25 հազար զինվորի կյանք, այնպես էլ հիմա է իր հանդիպումներով, հայտարարություններով հող նախապատրաստում, որ վաղն ունենա ալիբի՝ հայտարարելու, թե ինքը բոլորին տեղեկացրել է իրավիճակի լրջության մասին եւ Սյունիքը տվեց, որ Երեւանը, Հայաստանի մնացած մասը փրկի, իսկ հասարակությունն իրեն խանգարեց, որ ավելի շուտ գնար համաձայնության եւ ավելի շահեկան փաստաթուղթ կնքեր։
Նույն ձեռագիրն է նաեւ տեղեկատվության մասով․ 44 օր «հաղթելու ենք» հեշթեգով ապրող հանրությունը մի օր տեղեկացավ անասելի ցավոտ իրականության մասին՝ չընկալելով Փաշինյանի ավելի վաղ արված ակնարկներն ու մեսիջները։ Հիմա նույնն է՝ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը «սուխոյ ատկազ էին կանգնում», թե օրակարգում Սյունիքի «միջանցքի» հարց կա, հայտարարում էին՝ դա աբսուրդի ժանրից է։
Իսկ շաբաթներ առաջ, երբ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետ դրեց, նույն Փաշինյանը հայտարարեց, որ դա, ըստ էության, «միջանցքի» այլընտրանքն է, պարզ ասած՝ մաքսակետը տվել ենք, որ միջանցք չտանք։ Դրան էլ հաջորդեցին նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունները, որոնք, ըստ Փաշինյանի, նույնպես միջանցքը ստանալուն էին ուղղված։ Իսկ առցանց ասուլիսում Փաշինյանն արդեն տողատակերում հաստատեց դժգույն ու դժբախտ իրականությունը։ Ճիշտ է՝ հայտարարեց, թե խոսք չի կարող գնալ միջանցքի մասին, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի փաստաթղթում չկա «միջանցք» հասկացությունը, ապա ինքն իրեն հերքող հայտարարություններ արեց, որոնց հանրագումարից հասկանալի դարձավ, որ մենք չենք կարող միջանցք չտալ, չտալու գինը մեզ կոտորելն է․ «Այսօր էլ ենք ընտրանքի առաջ. մենք այսօր պիտի ասե՞նք՝ հրաժարվում ենք պայքարից: Այո՛, մեզ անընդհատ խփում են, ասում են՝ Զանգեզուրի միջանցք: Ի՞նչ Զանգեզուրի միջանցք: Ասում են՝ չտաք միջանցք, ուժով ենք բացելու: Արա՛, ո՞նց եք ուժով բացելու»։ Ապա շարունակեց․ «Մեզ ասում են՝ համաձայնվենք, որ քանի որ կարող են ուժով բացել, ուղղակի համակերպվենք, տանք: Հիմա մենք այսօր պետք է ասենք, ժողովուրդ ջան, եկեք միջանցքը տա՞նք: Մեզ դրա մեջ մեղադրում են: Իրականում մենք այսօր էլ չենք կարող եւ չենք ասում, որ պետք է պայքարից հրաժարվենք: Ադրբեջանն ասում է՝ ինքնիշխանությունը պաշտպանելը վտանգավոր է, դուք ուզում եք պետություն լինե՞ք, վտանգավոր է ձեզ համար: Եվ մենակ իրենք չեն ասում, կողքից Ադրբեջանին շատ քաջալերողներ կան՝ ամենատարբեր կողմերից: Բոլորը մեզ ուզում են համոզել, որ մենք պետություն չենք եւ պետք է հրաժարվենք պետություն լինելուց»։
ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, որը 2020-ի հոկտեմբերի 12-ին եւ 19-ին՝ որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, մասնակցել է Փաշինյանի հրավիրած փակ քննարկումներին, ընդունում է մեկ տարի առաջվա եւ այս օրերի նմանությունը։ Ընդգծում է, սակայն, որ իրավիճակը մեկ տարի առաջ ավելի կաշկանդող էր, քանի որ պատերազմական գործողություններ էին։ Նա մեկ անգամ եւս շեշտում է, որ հենց առաջին հանդիպման ժամանակ ինքը Փաշինյանին մեղադրել է արցախյան հարցի կարգավորման՝ իրենց իշխանության թողած ժառանգությունից հրաժարվելու հարցում, որն էլ, ըստ էության, բերել է պատերազմի։ Շարմազանովի խոսքով՝ նման հանդիպումներ նախաձեռնելու նպատակը Փաշինյանի կողմից մեկն էր. «Քանի որ ինքը պատասխանատու գործիչ չէ, երբ որ նեղն է ընկնում, ուզում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ ես բոլորի հետ հանդիպել եմ, իրենց էլ ասել եմ, թաքուն չեմ պահել։ Իրականում թաքուն է պահել»։ Ասաց Շարմազանովը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 19-ի հանդիպմանն իրենց թեպետ ասել է, որ գնում է «5+2» շրջանների հանձնումը ստորագրելու, բայց իրականում Շուշին ու Հադրութն էլ հանձնեց։
Եթե մեկ տարի առաջ այդ հանդիպումներից հետո հանրության հետ անկեղծ խոսակցություն ծավալեին, հնարավոր չէ՞ր ինչ-որ բան փրկել, եւ ինքն ի՞նչ խորհուրդ կտա այժմ բոլոր այն մարդկանց, ովքեր Սյունիքի թեմայով հանդիպում են Փաշինյանի հետ։ «Ես, ըստ էության, անկեղծ խոսել եմ, ամսի 12-ին դուրս եմ եկել հանդիպումից ու լրագրողների հետ զրույցում ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ավել բան չէի կարող ասել, եթե ամեն բան լավ լիներ, ես նման հայտարարություն չէի անի, մնացածը մարդկանց վերլուծելու խնդիրն է»,- ասաց Շարմազանովը։ Գուցե պարզ խոսեիք, հանրությունն այլ պահանջնե՞ր ներկայացներ Փաշինյանին։ «Ի՞նչ պարզ խոսել՝ մենք պատերազմի մեջ էինք, մեզ դիտում էին ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանում, ես պետական գործիչ եմ՝ չէի կարող թեկուզ սրան (նկատի ունի Փաշինյանին) դեմ խոսելու համար քարտ-բլանշ տայի Ադրբեջանին, իմանար, թե մենք ինչ էինք խոսել»։ Իսկ հետեւանքնե՞րը։ «Հետեւանքները… Ես հոկտեմբերի 14-ին խոսել եմ, ՖԲ-ում ուղիղ ասուլիս եմ տվել եւ դրա համար հրավիրվել եմ ոստիկանություն, ես ասել եմ՝ իրավիճակը վատ է, պատասխանատուն դու ես, նախկինների վրա մի գցի»։
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը նույնպես դեժավյուի զգացողություն ունի․ «Տպավորություն է, որ պետական ապարատը մաքսիմալ մարդկանց է փորձում ներգրավել, որ իրավիճակին արդյունավետ լուծում գտնի։ Բայց խնդիրն այն է՝ ի՞նչ իրավիճակ, ի՞նչ լուծում, ինչի՞ մասին է խոսքը։ Դրա մասին է պետք խոսել»։ Աբովյանը պնդում է՝ մեկ տարի առաջվա հանդիպումների, ԱԽ ընդլայնված նիստերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երբեւէ չի ասել, որ «պարտվելու ենք». «Այո, մեզ ասվել է, որ ռազմաճակատում իրավիճակը ծանր է, ծայրահեղ ծանր, բայց մենք կռվելու ենք եւ հաղթելու։ Այսինքն, ավելի պարզ՝ մեզ հայտնած ինֆորմացիայից որեւէ անգամ չէր կարելի հետեւություն անել, որ երկիրն այս վիճակին է հասնելու, եւ դրա համար եմ ասում՝ ոչ մեկը չէր գժվել, որ իմանար եւ քողարկեր ծանր իրավիճակը։ Մեզ չէին ասում՝ պարտվելու ենք, ասում էին՝ վիճակը ծանր է, բայց դախազ կռվելու ենք ու հաղթենք։ Ես նույնիսկ հարց էի տվել՝ ի՞նչ կարող է լինել, պատասխանել էր՝ նույնիսկ պարտիզանական պայքար»։