Դատարանն արգելափակել է Մասկի գործակալության հասանելիությունը գաղտնի նյութերին

Նյու Յորքի շրջանային դատավոր Փոլ Էնգելմայերն արգելափակել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) մուտքը ԱՄՆ ֆինանսների նախարարության փաստաթղթեր, որոնք պարունակում են երկրի քաղաքացիների մասին զգայուն տեղեկություններ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Դատարանը նախնական որոշում է կայացրել այն բանից հետո, երբ 19 դեմոկրատ գլխավոր դատախազ դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Հայցվորները պնդում են, որ Թրամփի վարչակազմը խախտել է դաշնային օրենքը՝ թույլ տալով Իլոն Մասկի թիմին մուտք գործել ֆինանսների նախարարության կենտրոնական վճարային համակարգ:

Վերջերս Իլոն Մասկի գլխավորած կառավարության արդյունավետության դեպարտամենտը հասանելիություն է ստացել գանձապետարանի գաղտնի վճարումների տվյալներին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Դեյվիդ Լեբրիկը հրաժարական տվեց ճնշման տակ: Բացի այդ, բաժանմունքի մասնագետները հասանելիություն ստացան առողջության ապահովագրության ազգային Medicare և Medicaid ծրագրերի վճարման և պայմանագրային համակարգերին:

Share This