Դաջվածքի թանաքը եռապատկում է լիմֆոմայի վտանգը.

Դանիայից և Ֆինլանդիայից գիտնականների միջազգային խումբը բացահայտել է, որ դաջվածքները կարող են մեծացնել մաշկի քաղցկեղի և լիմֆոմայի զարգացման վտանգը։ Միևնույն ժամանակ, խոշոր նկարներն ավելի վտանգավոր են: Հետազոտությունը հրապարակվել է BMC Public Health բժշկագիտական  հանդեսում։

Երբ դաջվածքի թանաքը թափանցվում է մաշկի մեջ, դրա մի մասը կլանում են ավշային հանգույցները, որոնք իմունային համակարգի կարևոր տարրերն են: Պարզվել է, որ այդ մասնիկներն օրգանիզմի կողմից ընկալվում են որպես օտար նյութեր, ինչը կարող է հանգեցնել իմունային համակարգի մշտական ​​ակտիվացման և խրոնիկական բորբոքման։

«Մենք տեսնում ենք, որ թանաքը կուտակվում է ավշային հանգույցներում և կասկածում ենք, որ դա կարող է վնասել դրանց գործառույթը կամ հանգեցնել առողջության համար այլ հետևանքների», -պարզաբանում է արյունաբան և Հարավային Դանիայի համալսարանի պրոֆեսոր Հենրիկ Ֆրեդերիկսենը:

Հետազոտողները օգտագործել են Danish Twin Tattoo Cohort-ի տվյալները, որոնք ներառում են ավելի քան 5900 դանիացի երկվորյակների մասին տեղեկություններ: Դա նրանց հնարավորություն տվեց համեմատել զույգերին, որտեղ մի երկվորյակ դաջվածքներ ուներ, իսկ մյուսը՝ ոչ՝ հաշվի առնելով ընդհանուր գենետիկական և շրջակա միջավայրի գործոնները։

Արդյունքները ցույց են տվել, որ դաջվածքներ ունեցող մարդկանց շրջանում մաշկի քաղցկեղ և լիմֆոմա են ախտորոշվել: Ռիսկը հատկապես մեծ էր խոշոր (ձեռքի ափից մեծ) դաջվածքներ ունեցողների շրջանում: Լիմֆոմայի համար վտանգը դաջվածքներից զերծ մարդկանց համեմատ գրեթե երեք անգամ ավելի բարձր էր: Թեև հետազոտությունը  թանաքի հատուկ գույների և քաղցկեղի առաջացման ռիսկի միջև հստակ կապ չի գտել, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ պիգմենտներ կարող են ավելի վնասակար լինել: Օրինակ՝ կարմիր թանաքն ավելի հաճախակի է ալերգիկ ռեակցիաներ առաջացնում։

Share This