<<Ամասիա-Արփի>> դաշինքը կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ

Կոալիցիոն միավորման մասին հայտարարել են «Ամասիա-Արփի» դաշինքն ու ՀՀԿ-ն. նրանք միացյալ կստանձնեն խոշորացված համայնքի ղեկավարումը և 6+3, այսինքն 9 մանդատով կկազմեն մեծամասնություն:

Ամասիա կրկնակի խոշորացված համայնքում բավականին հետաքրքիր հետընտրական գործընթացներ են տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ambion.news, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին այստեղ ընտրողների ձայները բաշխվել էին այսպես. «Ամասիա-Արփի» դաշինքը, որը գլխավորում էր Ամասիա համայնքի նախկին ղեկավար Ջեմմա Հարությունյանը, ստացել էր 1199 քվե, այսինքն ընտրողների 38,27 տոկոսի ձայները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 18 ձայնով ավելի՝ 1217 քվե, այսինքն ընտրողների  ձայների 38,84 տոկոսը, իսկ ՀՀԿ-ն՝ 717 կողմ քվե ուներ, այսինքն ընտրողների 22,89 տոկոսն էր ձայն տվել: 19 բնակավայրից կազմված Ամասիա նոր խոշորացվող համայնքի նորընտիր ավագանին կունենա 15 անդամ:

Նախնական հաշվարկով, «Ամասիա-Արփի» դաշինքին և ՔՊ-ին բաժին կհասնի 6-ական, իսկ ՀՀԿ-ին՝ 3 մանդատ: 3 ուժերից և ոչ մեկը ավագանիում մեծամասնություն չէր, այդ իսկ պատճառով էլ անցողիկ շեմը հաղթահարած ուժերը պետք է կոալիցիոն տարբերակների մասին մտածեին:

Երեկ կոալիցիոն միավորման մասին հայտարարել են «Ամասիա-Արփի» դաշինքն ու ՀՀԿ-ն: Հայտարարության համաձայն՝ նրանք միացյալ կստանձնեն խոշորացված համայնքի ղեկավարումը և 6+3, այսինքն 9 մանդատով կկազմեն մեծամասնություն: Հայտարարության համաձայն՝ Ամասիա համայնքի ղեկավարումը կշարունակի անկուսակցական Ջեմմա Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ կողմերը դեռ համագործակցության հուշագիր չեն ստորագրել, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ էլ դեռ չկա, ավագանու մանդատները ստանալուց հետո նոր պաշտոնապես կհայտարարվի համագործակցության մասին:

Համագործակցության պայմանագիր կնքելուց հետո արդյոք ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Արթուր Մկրտումյանը կստանձնի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, այս հարցին պատասխանել վաղ համարեց ՀՀԿ Գյումրու շրջանային և Շիրակի տարածքային կառույցի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը:

ambion.news-ի թղթակցին նա հայտնեց, որ իրենք ի սկզբանե հայտարարել էին, որ ՔՊ-ի հետ չեն համագործակցելու, մնում էր մյուս ուժը, որի հետ էլ համատեղ փոխհամաձայնության եկան: Միացյալ աշխատակազմ ձևավորելու մասին, ըստ Արտյոմ Ղուկասյանի, դեռ վաղ է խոսել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորող Մերգել Ղարիբյանն էլ նշեց, որ դեռ չի կարող պատասխանել այն հարցին, թե Ամասիայի նորաստեղծ ավագանիում իրենք ընդդիմություն կլինեն, թե ոչ, կամ թե ինչպիսի աշխատաոճ կորդեգրեն ավագանու հետագա աշխատանքում:

Հիշեցնենք, որ ՔՊ-ն 18 ձայն ավելի էր հավաքել «Ամասիա-Արփի» դաշինքից, բայց քաղաքական վերադասավորումներն այնպես ստացվեցին, որ կուսակցությունը ավագանիում կլինի փոքրամասնություն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )