Դալայ Լաման հույս ունի ապրել ևս 40 տարի՝ վստահեցնելով, որ ինքը վերամարմնավորվելու է մահից հետո

Ի նշանավորումն իր 90-ամյակի նախօրեին Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման հայտարարել է, որ հույս ունի ապրել մինչև 130 տարեկան՝ շարունակելով իր ծառայությունը Բուդդայի ուսմունքին և ողջ կենդանի էակներին։ Նրա այս հայտարարությունը հնչել է հուլիսի 5-ին Դհարամշալայում անցկացված երկար կյանք մաղթող աղոթքների ընթացքում, որին մասնակցել են հազարավոր հետևորդներ։
Վերջին օրերին կրկին ակտիվացել են քննարկումները Դալայ Լամայի իրավահաջորդի հարցի շուրջ։ Դալայ Լաման հայտարարել է, որ ինքը անպայման վերամարմնավորվելու է՝ համաձայն տիբեթյան ավանդույթի, իսկ ապագա վերամարմնավորումը ճանաչելու լիազորությունը կտրվի իր հիմնած Gaden Phodrang հիմնադրամին։ Նա շեշտել է, որ որևէ այլ ուժ, այդ թվում՝ Չինաստանը, իրավունք չունի միջամտելու այս գործընթացին, հայտնում է Al-Jazeera-ն։
Չինաստանը, իր հերթին, պնդում է, որ Դալայ Լամայի հաջորդը պետք է հաստատվի Պեկինի կողմից՝ «ոսկե սափորի» միջոցով, որը պահվում է Չինաստանում։ Դալայ Լաման արձագանքել է՝ հայտարարելով, որ այդ մեթոդը երբ օգտագործվում է անազնվորեն, որևէ հոգևոր արժեք չունի։