Գյումրու տուն-ինտերնատը լուծարվում է
«Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվում է:
Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում:
Ըստ հիմնավորման՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի լուծարման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթներից, որտեղ ամրագրված է ծառայությունների ապաինստիտուցիոնալացման, համայնքային այլընտրանքային ծառայությունների ներդրման և ծառայությունները ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացի կարևորությունը:
Այս ռազմավարության նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ խնամքի կարիք ունեցող տարեց անձանց ծառայությունների մատուցումն է՝ նրանց շուրջօրյա խնամքը հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով, ինչն ավելի արդյունավետ է: Գործընթացը համահունչ է նաև ոլորտի զարգացման միջազգային մոտեցումներին:Կազմակերպության լուծարումից գոյացած դրամական միջոցներն կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե, որն ամբողջությամբ կուղղվի տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների իրականացմանը: Խնամքի ծառայությունը, կազմակերպության լուծարումից հետո կպատվիրակվի ոլորտում փորձ և վաստակ ունեցող ոչ պետական կազմակերպության և արդյունքում կբարձրանա շահառուներին մատուցվող ծառայությունների որակը, արդյունավետությունը, աշխատողների աշխատանքային, ինչպես նաև տուն-ինտերնատի շենքային և գույքային պայմանները:
Ներկա դրությամբ Կառավարությունը որդեգրել է խնամքի ծառայությունները հիմնականում պատվիրակման միջոցով իրականացնելու քաղաքականություն, որն ուղղված է ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը, և այս գործընթացն ունի ընդլայնման և զարգացման միտում: