Գյումրու ծանրորդ սաները դիմավորեցին Հայաստանի հավաքականներին «Զվարթնոցում»
Ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները վերադարձել են հայրենիք՝ միջազգային մրցաշարին փայլուն հանդես գալով։ Հավաքականների կազմում հանդես եկած մեր երիտասարդները կարողացել են մեծ հաջողություններ գրանցել՝ նվաճելով մի շարք մեդալներ և հերթական անգամ բարձր պահելով Հայաստանի սպորտային պատիվը միջազգային հարթակում։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեր մարզիկներին ջերմորեն դիմավորել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, մարզիչներ, հարազատներ, բազմաթիվ երկրպագուներ, ինչպես նաև Գյումրի համայնքի Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի սաները՝ դպրոցի տնօրեն՝ Լյովա Հաշարյանի նախաձեռնությամբ։ Դիմավորման պահին օդանավակայանում տիրում էր ջերմ և հպարտությամբ լի մթնոլորտ. երկրպագուներն իրենց ծափահարություններով ու գրկախառնություններով ողջունում էին հաղթանակած մարզիկներին։ Կարևոր է ընդգծել, որ երիտասարդների այս հաղթանակները խոսում են ոլորտում տարվող հետևողական աշխատանքի և սերնդափոխության արդյունավետության մասին։