Գյումրու լոկոմոտիվային դեպոյի փականագործը էլեկտրաքարշից կտրել է 22 մետրանոց էլեկտրամալուխը, սակայն չի կարողացել դուրս հանել դեպոյի տարածքից․ նա ձերբակալվել է
Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կանխվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում գտնվող էլեկտրքարշից էլեկտրական մալուխ գողանալու փորձը: Ոստիկանության և ընկերության Անվտանգության ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է կասկածյալը, ով նշված դեպոյի փականագործն է: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Երկաթուղու ԱԾ աշխատակիցները կեսգիշերին մոտ դեպոյի տարածքում կասկածելի ակտիվություն են նկատել, որի մասին հայտնել են Ոստիկանություն, և դեպքի վայր օպերատիվ ժամանած ոստիկանների հետ համատեղ շրջապատել տարածքը:
Դեպքի վայրում հայտնաբերված անձը N1356 էլեկտրաքարշից կտրել է 22 մետրանոց բարձր լարման էլեկտրամալուխը և պատրաստվում էր այն դուրս հանել դեպոյի տարածքից: Միջադեպի արդյունքում ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն բարձր է գնահատում Ոստիկանության օպերատիվ արձագանքը և ընկերության Անվտանգության ծառայության հետ արդյունավետ փոխգործակցությունը: