Գյումրու բյուջեից Ամանորի առթիվ դրամական աջակցություն կստանան նաև անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքները
Ամանորյա տոների առթիվ Արցախյան պատերազմի ժամանակ և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքներին, վիրավորված և հաշմանդամության խումբ ստացածներին, Հայրենական ու Հունգարիայի պատերազմի մասնակիցներին Գյումրու համայնքային բյուջեից դրամական օգնություն տրամադրելու կարգում այս տարի փոփոխություն է կատարվել:
Այս մասին ավագանու այսօրվա նիստում զեկուցեց կառույցի ֆինանսիստ Լենա Ջիլավյանը:
Անկախ հանգամանքից, որ կանոնակարգում անհետ կորածների և գերեվարվածների մասին կետ գոյություն չունի, այս տարի դրամական օգնություն կհատկացվի նաև նման ընտանքիներին:
«Կարգի մեջ նման կետ չկա, որովհետև մեր մտքով չի անցել, որ հնարավոր է՝ նման առիթ էլ ունենանք: Այս պահին քաղաքում, ցավոք, մենք ունենք անհետ կորած ու գերեվարված տղաներ: Դրա համար որոշեցինք գործող կարգը շրջանցել, նրանց էլ ընդգրկել: Տա Աստված՝ գտնվեն ու գան բոլորն էլ, բայց հիմա մենք նրանց հավասարեցրել ենք զոհվածների կարգավիճակին և բոլորին կհատկացնենք 20.000-ական դրամ»,- մանրամասնեց նա:
Նոր փոփոխությունով պայմանավորված էլ՝ ավելացել է բյուջեից տրամադրվելիք գումարի չափը: Սովորաբար Ամանորի առթիվ համայնքային բյուջեն առավելագույնը 7 միլիոն դրամ է հատկացրել աջակցելու համար: Այս տարի գումարի չափը հասել է 10 մլն 995 հազար դրամի:
Գումարը կտրամադրվի քաղաքապետարանում: Շահառուն այն կարող է ստանալ 1 ամսում: Եթե 2 ամիս անց անձը չի ներկայանում, գումարը վերադարձվում է բյուջե: