Գյումրիում 28-ամյա տղամարդը բռունցքներով հարվածներ է հասցրել 40-ամյա տղամարդուն, ավելի ուշ վերջինս մահացել է. Ոստիկանություն
Դեկտեմբերի 7-ին ոստիկանները Գյուրմրիի Մուշ-2 թաղամասի իր բնակարանում 40-ամյա տանտիրոջը գտել են մահացած: Ժամը 16-ի սահմաններում շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ տղամարդն իր տանը հանկարծամահ է եղել: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Դիակի ձախ աչքի շրջանում կապտուկ և քերծվածքներ են եղել: Չի բացառվել, որ նրան սպանել են, կամ մահը վրա է հասել ծեծելուց որոշ ժամանակ անց: Թեև ընկերուհին, որ նույն բնակարանում էր ապրում, վստահեցրել է, որ վնասվածքը ստացել է մահանալուց օրեր առաջ` ընկնելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Թե՛ դատաբժշկի եզրակացությամբ և թե՛ համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում իրավապահներն այլ բան են պարզել: Դեկտեմբերի 5-ին, ժամը 18-ի սահմաններում, ընկերուհու ներկայությամբ իր բնակարանում ոգելից խմիչք օգտագործած 40-ամյա տղամարդը վեճի է բռնվել 28-ամյա ծանոթի հետ, որն էլ բռունցքներով նրա գլխին է խփել՝ պատճառելով վնասվածքներ:
Դեպքին հաջորդող օրերին տղամարդու առողջական վիճակը վատացել է, իսկ դեկտեմբերի 7-ին նա մահացել է:
Դեկտեմբերի 9-ին կասկածվողը, որ Գյումրիի Կոմինտերնի փողոցում է բնակվում, հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին:
28-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: