Գյումրիում թեժ է լինելու․ ովքեր են քաղաքապետի թեկնածուները

Գյումրու ընտրությունները հավակնում են կենաց-մահու պայքարի վերածվել։ Բանն այն է, որ նախորդ ընտրություններից հետո մեծամասնություն հավաքած «Բալասանյան դաշինքը» հանկարծակի որոշեց, որ մանդատները վայր են դնում, ինչից հետո գյումրիում կառավարման ճգնաժամ սկսվեց։ ՆԻկոլ Փաշինյանն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, համայնքապետ նշանակեց ՔՊ-ական Սարիկ ՄԻնասյանին։ Արդեն իսկ մի շարք գործիչներ հայտարարել են ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, սպասվում է, որ շատերը առաջիկայում ևս կհայտարարել մասնակցության մասին, սակայն արդեն իսկ հրապարակված անունները հուշում են, որ թեժ մրցապայքար է լինելու։

Ինչպես հայտնի է, արդեն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է հայտարարել իր առաջադրման մասին: Վարդան Ղուկասյանը 1999 թվականից մինչև 2008 թվականը երեք անգամ ընտրվել և ղեկավարել է Գյումրի քաղաքը։ 2004-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահին առընթեր ՏԻՄ մշտական գործող հանձնաժողովի անդամ։

2017 թվականի ապրիլի 2-ին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ Վարդան Ղուկասյանը հանկարծակի անցնում է ՆԻկոլ Փաշինյանի կողքը․ տեսանյութերից մեկում նա լրագրողներին հորդորում է, որպեսզի «ճվան քայլ արա, մերժիր Սերժին»։ Թեև Ղուկասյանը ժամանակին անցնում է Փաշինյանի կողմը, սակայն դա նրան չի ազատում քրեական հետապնդումներից, Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվում պետական կամ համայնքային բազմաթիվ գույքեր հանցավոր չարաշահումներով օտարելու համար:

ՔՊ-ի կողմից քաղաքապետի Ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սարիկ Մինասյանն է լինելու ՔՊ ընտրացուցակի առաջին համարը: Մինասյանը 2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության տարածքային ընտրական ցուցակով։ 2022 թվականի հուլիսի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբեր 13-ը զբաղեցրել է ՀՀ միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը։ 2024 թվականի դեկտեմբերի 8,9,10-ին մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիում կազմակերպած փրայմերիզին, և ընտրվել Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ առաջնորդելու է «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը: Գրիգորյանը պատգամավորի մանդատն առաջին անգամ ստացել է 2007 թվականին, ժամանակին եղել է «Բարգավաճ Հայաստան» և ՀՀԿ խմբակցությունների անդամ։

Անդրանիկ Թևանյանի, Սուրեն Սուրենյանցի ուժերը ևս հայտարարել են մասնակցության մասին, թեև դեռ հայտնի չէ, թե ովքեր են լինելու քաղաքապետի թեկնածուները:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է որոշել մտնել ընտրապայքարի մեջ` հետաքրքիր թիմակիցներով: Ռուբեն Մխիթարյանը երկար տարիներ եղել է «Արմենիա թիվիի» գլխավոր պրոդյուսերը, որը պատկանում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին և հայտնի մեդիապրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանին։ Մխիթարյանը հանրությանը հայտնի է « Հայաթ պրոջեքթ» խմբի հիմնադրմամբ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բուռն քննադատությամբ։

Ըստ «Եվրոմեդիա 24»-ի տեղեկությունների՝ ընտրություններին մասնակցելու է նաև Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը, ով ևս Գյումրիում ունի ռեալ ձայներ։ Պետրոսյանը 2018-ի իշխանափոխության ժամանակ եղել է հակաիշխանական գործողությունների առաջնորդներից Շիրակի մարզում, նա նաև եղել է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամ, որը պահանջում էր Կաթողիկոսի հրաժարականը։

Կարեն Պետրոսյանի թիմակիցներից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը իշխանափոխությունից հետո՝ 2019 թվականին նշանակվել է Շիրակի մարզպետի պաշտոնում, սակայն մեկ տարի անց, իշխանությունների հետ «յոլա չգնալու» պատճառով հրաժարական է ներկայացրել։

Share This