Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունը վաղը չի մասնակցի փոխքաղաքապետի ընտրությանը
Ambion.News-իտեղեկություններով` Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու վաղը` մայիսի 2-ին կայանալիք ավագանու նիստին։
Նշենք, որ արդեն երրորդ անգամ ՔՊ-ն փորձում է բոյկոտել նորընտիր ավագանու նիստերը։ Մեր տեղեկություններով` ՔՊ-ի ներսում լուրջ քննարկումներ են, թե ինչպես ամենակարճ ճանապարհով Գյումրիում զավթել իշխանությունը։
Որ ՔՊ-ն չի հաշտվում մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ, դրա մասին իրենք էլ են հրապարակայնորեն հայտարարել։ Իշխանականները կարծում են, որ Գյումրիում պետք է գնալ նոր ընտրությունների։
Նշենք, որ ապրիլի 16-ին Գյումրիի ավագանու առաջին նիստին ՔՊ-ականները չմասնակցեցին, որի ընթացքում պետք է ընտրվեր Գյումրիի քաղաքապետ։ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանը իրենց չմասնակցելը ձևակերպել էր հետևյալ կերպ:
«Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկեսի մաս չի կազմի, չի առաջադրի թեկնածու և չի մասնակցի քվեարկությանը»,- գրել էր Հարությունյանը։
Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունը բոյկոտեց նաև Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալությունը։ Ապրիլի 19-ին ևս չմասնակցեցին ավագանու նիստին։
Մայիսի 2-ին Գյումրիի ավագանին կընտրի փոխքաղաքապետներ։ Այդ օրը կընտրվեն նաև հանձնաժողովների նախագահներ։
Գյումրիի առաջին փոխքաղաքապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է` Ավետիս Առաքելյանը, մյուս փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 1996-1999թթ.՝ Գյումրիի համայնքի ավագանու անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մանուկյանը։