Գյումրեցի Ռուբեն Մատինյանը, հաղթահարել է Մոսկվայի Չայկովսկու անվան Պետական Կոնսերվատորիայի հայտարարած երիտասարդ երաժիշտ-կատարողների III միջազգային «Ստեղծագործության տարածք» մրցույթի փուլերը և հասել եզրափակիչ

Գյումրեցի Ռուբեն Մատինյանը, հաղթահարել է Մոսկվայի Չայկովսկու անվան Պետական Կոնսերվատորիայի հայտարարած երիտասարդ երաժիշտ-կատարողների III միջազգային «Ստեղծագործության տարածք» մրցույթի փուլերը և հասել եզրափակիչ:

17-ամյա ջութկահարը մրցույթի մասին իմացել է համացանցից:

«Դա շատ լավ հնարավորություն էր և օգտվեցի դրանից: Տեսաձայնագրեցի իմ մրցութային համարը բջջային հեռախոսով և ուղարկեցի։ Մրցույթը բավական թեժ էր, փուլերը հաղթահարելն ինձ համար անակնկալ էր, հիմա արդեն պարտավորեցնող, քանի որ լարային բոլոր գործիքների անվանակարգում միակ հայ մասնակիցն եմ:

Բացի պարտադիր ստեղծագործություններից, ներկայացնելու եմ նաև Կոմիտաս: Ամեն ինչ պետք է անեմ, որ Հայաստանը պատվով ներկայացնեմ»,- ասում է Ռուբենը:

Մոսկվա մեկնելու նպատակը կարողացել է իրականություն դարձնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

«Շատ խնդիրներ ու հարցեր կային: Առաջնայինը ֆինանսականն էր, ինչը հնարավոր եղավ լուծել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի Շիրակի մարզի ներկայացուցիչ Հասմիկ Վիրաբյանի միջոցով: Պահանջվող գումարի հիմնական մասը իրենք են տրամադրել: Ծնողներս ևս ունեն ներդրում: Ֆինանսականից բացի նաև տեխնիկական հարցեր կան՝ պետք է գործիքն անվնաս տեղափոխել»,- ասում է ջութակահարը:

2024 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած մրցույթը կավարտվի 2025 թվականի փետրվարի 12-ին: Մոսկվայում կայանալիք եզրափակչի ժամանակ երեք մասնակցից կընտրվի որպես լավագույն երաժիշտ-կատարողը, ով էլ կմասնակցի գալա համերգին:

Առաջիկայում ևս կարևոր քայլ ունի անելու երիտասարդը: Նյու-Յորքի Ջուլիարդի անվան արվեստի և երաժշտության դպրոց ուսանելու հայտ է ներկայացրել:

Share This