Գյումրեցի անհետ կորած զինծառայողը զանգել է հարազատներին

Նոյեմբերի 14-16-ին Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների հետևանքով գերեվարաված հայ զինծառայողների թիվը ՊՆ հաղորդմամբ 13-ն էր, զոհերի թիվը՝ 6, անհետ կորածներինը՝ 24։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ գերեվարվածների թիվը 3 տասնյակը գերազանցում է, եւ անհետ կորածների մեծ մասը նույնպես գերու կարգավիճակում է։ Գերեվարվածներից շատերին զինծառայողների հարազատները սոցկայքերում տարածված լուսանկարներով ու տեսանյութերով են բացահայտել ու համոզվել, որ իրենց որդիները թշնամու ձեռքերում են։

Անհետ կորածների դեպքում իրավիճակն առավել քան բարդ է։ Գյումրեցի երկու զինծառայողներից մեկին՝ Սարգիս Թարզյանին, կինն էր ճանաչել ադրբեջանական կայքերում հայտնված տեսանյութերում, մյուս զինծառայող Սուրեն Խաչատրյանի՝ գերի ընկնելու փաստը մինչև վերջերս  անորոշ էր։ Սակայն օրեր առաջ, Կարմիր խաչի տեսակցությունից հետո, հարազատներից տեղեկացանք, որ գյումրեցի երկու զինծառայողն էլ մեկ  րոպեով  հեռախոսակապ են հաստատել ընտանիքների հետ, ասել են՝ լավ  ենք։

 

Փաստը, որ իրենց որդիները ողջ են, հարազատներին անասելի ուախություն է պարգևել։ Բայց միևնույն է, անհանգստությունը մեծ է․ ի վերջո երբ եւ ում միջնորդությամբ են իրենց որդիները հայրենիք վերադառնալու, նրանց ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ Ինչպես նաև՝ ինչ է սպասվում նրանց  հայրենիք վերադառնալուց հետո։  Հատկապես վարչապետի մակարդակով վերջերս արված հայտարարությունները հարազատների համար խիստ մտահոգիչ են։

Պետությունն ասում է՝  մենք գերիներ չունենք, իրենք դասալիք են, ուր մնաց վերադարձի հետ կապված հետևողական լինեն»,- ասում է նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողի քույրը՝ ընդգծելով, որ գերեվարվելու իրական պատճառներն ու հանգամանքները միայն նրանց վերադարձից հետո կպարզվի։

 

Ի դեպ, նշենք, որ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների հարազատների պատմելով, իրենց ականջին հասել է, որ տղաները  սոված-ծարավ, մոտ երկու օր շրջափակման մեջ են գտնվել, 16-ին արդեն գերեվարվել են, քանի որ շրջափակումից այդպես էլ դուրս գալ չի հաջողվել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )