Գլյուտեն չպարունակող մթերքները կասկածելի առավելություններ ունեն առողջության համար.

Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ գլյուտեն չպարունակող մթերքները թեեւ ավելի թանկ են, բայց հաճախ ավելի քիչ սպիտակուց են պարունակում, քան այն մթերքները, որոնք պարունակում են գլյուտեն: Դրանք նաեւ պարունակում են ավելի շատ շաքար եւ կալորիաներ: Աշխատանքը հրապարակվել է Plant Foods for Human Nutrition (PFHN) ամսագրում:

Հետազոտողները համեմատել են գլյուտեն չպարունակող մթերքները սովորական սննդի հետ եւ եզրակացրել, որ առանց դրա սննդակարգի ենթադրյալ առավելություններից շատերը, օրինակ՝ քաշի վերահսկումը, չափազանցված են: Ներկայում գլյուտեն չպարունակող շատ մթերքներում բացակայում են բջջանյութը, սպիտակուցը եւ այլ անհրաժեշտ սննդարար նյութեր: Արտադրողներն օգտագործում են հավելումներ՝ ծածկելու համար այդ պակասը, սակայն արտադրական գործընթացում մանրաթելերի ընդգրկումը կարող է խանգարել սպիտակուցի մարսմանը:

Բացի այդ, գլյուտեն չպարունակող մթերքները սովորաբար ավելի շատ շաքար են պարունակում՝ գլյուտեն պարունակողների համեմատ: Առանց գլյուտենի երկարաժամկետ դիետան կապված է մարմնի զանգվածի ինդեքսի ավելացման եւ սննդարար նյութերի դեֆիցիտի հետ:

Գլյուտեն չպարունակող մթերքները հիմնականում զերծ են նաեւ ցորենից, տարեկանից, գարուց եւ երբեմն վարսակից, որոնք կարեւոր պոլիսախարիդների աղբյուրներ են, դրանք նպաստում են աղիների առողջությանը եւ օգնում կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ:

Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ գլյուտեն չպարունակող որոշ մթերքներ, ինչպիսին են առանց գլյուտենի սերմնահացերը, կարող են զգալիորեն ավելի շատ բջջանյութ պարունակել՝ 100 գրամում 38,24 գրամ, շնորհիվ պսեւդո-ամբողջահատիկների, ինչպիսին են ամարանտը եւ քինոան:

Հետազոտողներն ընդգծել են, որ առանց գլյուտենի դիետան հայտնի է դարձել ոչ միայն, օրինակ, ցորենի ալերգիա ունեցող մարդկանց շրջանում, այլեւ նրանց համար, ովքեր հետեւում են նորաձեւության միտումներին։

Գիտնականները ենթադրում են, որ ավելի հավասարակշռված անգլյուտեն մթերքների ստեղծման համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել հետազոտություններում։  Կարեւոր է նաեւ հանրության իրազեկման բարձրացումը անգլյուտեն դիետայի իրական առավելությունների եւ թերությունների մասին։

Share This