Գլադիատորական մարտեր՝ կառավարության և <<Իմ քայլի>> միջև
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցանկացած նախաձեռնություն տեւական ժամանակ է՝ Ազգային ժողովում բուռն դիմադրության է արժանանում: Դիմադրողների շրջանակն էլ անփոփոխ է՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մի խումբ պատգամավորներ, որոնց առաջնորդը Նարեկ Զեյնալյանն է՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Զեյնալյանն Արարատ Միրզոյանի սանիկն է, նախարարական հավակնություններ ունի, ուստի խումբը, պատեհ-անպատեհ, բացահայտ եւ քողարկված դեմարշ է անում Թորոսյանի ցանկացած նախաձեռնության։ Հաճախ իշխանականների միջեւ քննարկումը վերածվում է բուռն բանավեճի, լեզվակռվի, օրինակների պակաս չի զգացվում՝ հակածխախոտային օրենքի նախագիծ, առողջապահական հիմնարկների մասնավորեցման ծրագիր, դեղերի մասին նախագիծ եւ այլն: Սակայն երեկ այս թեւերի միջեւ առճակատումը գլադիատորական մարտեր էր հիշեցնում: Նշված հանձնաժողովում երկրորդ ընթերցումով քննարկման էր դրվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Թեեւ մոտ մեկ ամիս առաջ այն ընդունվեց առաջին ընթերցմամբ, սակայն լիագումար նիստի ընթացքում էլ իմքայլականները երկու մասի էին բաժանվել՝ դեմ եւ կողմ: Խնդրահարույց դրույթը հետեւյալն է՝ պետության կողմից փոխհատուցվող դեղերի մասին հանրային իրազեկումը, որը «դեմերը» սոցիալական գովազդ են որակում, հորդորում էին հանել այդ դրույթը, սակայն նախագիծը երեկ հանձնաժողով էր ներկայացվել նույն տեսքով: Ընդդիմախոսները կարծում են, որ այդպիսով կոռուպցիոն ռիսկ է առաջանում: Այդ մասին դեռեւս առաջին ընթերցման ժամանակ բարձրաձայնում էր Նարեկ Զեյնալյանը: Երեկ նրանց թիմակից, Արարատ Միրզոյանի նախկին օգնական, այժմ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը բացեց փակագծերը։ Չլինելով նշված հանձնաժողովի անդամ, նա եկել էր նիստին՝ հորդորելու հրաժարվել այդ դրույթից, քանի որ լոբբինգը ծառայելու է իր նպատակին, եւ մյուս քաղաքացիներն էլ մտածելու են՝ եթե պետությունն իքս դեղամիջոցն է տրամադրում, ապա դա լավն է, մենք էլ դա կգնենք, իսկ արդյունքում այդ դեղորայքն առավելություն է ստանում, ու չկա երաշխիք, որ ինչ-որ մեկի շահերը չեն սպասարկվի, քանի որ այդպիսով մյուսները դուրս կմնան մրցակցությունից։ «Ես չգիտեմ՝ ինչպես է լինում այդ գնումը: Միգուցե մեկը գալիս է, կոռուպցիոն համաձայնության է գալիս ձեր նախարարության աշխատակիցների հետ, որպեսզի նա անընդհատ ասի այդ դեղի մասին, Հանրայինն անընդհատ ցուցադրի, մեկ ամիս է՝ ասում ենք հանեք դրույթը»,- հայտարարեց Պողոսյանը:
Արսեն Թորոսյանը պատգամավորին հիշեցրեց, որ պետական գնումների համակարգով են դեղամիջոցն ընտրելու։ Պողոսյանն անդրդվելի մնաց՝ ասելով, որ եթե այդ համակարգում ամեն ինչ նորմալ լիներ, ապա դրա նկատմամբ վերահսկող մարմին չէին սահմանի: «Այսինքն՝ Դուք ինձ մեղադրում եք կոռուպցիայի մե՞ջ»,- ուղիղ հարց տվեց Թորոսյանը։ Ի պատասխան՝ Պողոսյանն ասաց. «Ես Ձեզ չեմ մեղադրում, ես ասում եմ՝ կոռուպցիոն ռիսկ կա, այդտեղ կարող է լինել ե՛ւ նախարարը, ե՛ւ փոխնախարարը, ե՛ւ ցանկացած մարդ: Օրինակ, Դուք կարո՞ղ եք երաշխավորել Ձեր որեւէ փոխնախարարի համար, որ կոռուպցիոն երեւույթներում ներգրավված չի լինի: Ես հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ Ձեր փոխնախարարն արդեն մեղադրվել է կոռուպցիոն ռիսկի մեջ»։ Պողոսյանը լքեց քննարկումը՝ ասելով, թե այլ նիստի է շտապում:Թորոսյանը, սակայն, մինչեւ հոգու խորքը վիրավորվել էր «կոռուպցիա» բառից եւ չէր հանգստանում, երբ մյուս գործընկերները նրան ավելի ուշ փորձում էին համոզել, որ Պողոսյանը ոչ թե իրեն ու իր գործընկերներին է կոռուպցիոներ անվանում, այլ՝ երեւույթը. «Առաջին անգամը չէ այստեղ նման վերաբերմունք, եւ ես լսեցի, թե ինչ էր ասում Պողոսյանը»: Եվ, ի վերջո, չդիմացավ․ «Կարծում եմ՝ սա քաղաքական հետեւանք է ունենալու»։ Առանց փակագծեր բացելու, հայտարարեց Թորոսյանը՝ հրահրելով իշխանական այլ օրենսդիրների: Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, հոխորտաց, թե պետք չէ իրենց հետ այդ տոնով խոսել։ «Մենք ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչն ենք, այլ ոչ թե կառավարության, սա խնդրում եմ հստակ ընդունեք»,- ասաց նա՝ հավելելով, թե ամենեւին պարտադիր չէ, որ իշխող խմբակցությունը պատասխանատվություն կրի կառավարության, այս դեպքում՝ Արսեն Թորոսյանի նախագծի համար, ավելին․ «Իշխող խմբակցությունը չի կարող կառավարության հենարանը լինել»: Թորոսյանը հեգնեց, թե, փաստորեն, դուք դեմ եք գնում դասական քաղաքականությանը՝ ակնարկելով, որ նույն կառավարության ղեկավարին առաջադրել է իշխող մեծամասնությունը, եւ կառավարությունն ու օրենսդիրը մի թիմ են: Ի վերջո, կրքերը հանդարտվեցին, Թորոսյանն ընկրկեց եւ նախագծից հանեց վիճահարույց դրույթը, ինչի արդյունքում այն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նիստից հետո Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է Արարատ Միրզոյանի թիմն ամեն առիթով գրոհում իր դեմ, ա՞չք ունեն իր աթոռի վրա։ Նա հումորի տվեց. «Իմ աթոռը բավականին էժան աթոռ է, չեմ կարծում, թե ինչ-որ մեկն աչք ունենա»։ Բացեց նաեւ քաղաքական հետեւանքների մասին իր ակնարկը՝ ԱԺ պատգամավորներն ունեն իրավունք նախարարին անվստահություն հայտնելու, եւ եթե կա անվստահություն, պետք է համապատասխան նախաձեռնությամբ հանդես գան։ «Չեմ կարծում, թե Արարատ Միրզոյանն է… խոսքը որոշ անհատների մասին է»,- ասաց նախարարը՝ անուններ չտալով: Նա անհիմն համարեց պատգամավորների մեղադրանքները, այդ դեպքում ինչո՞ւ ընկրկեց եւ հանեց խնդրահարույց դրույթը։ Նախարարն ասաց, որ ափսոս էր նախագիծը, եթե չհաներ, կտապալեին ամբողջը: Քրիստինե Պողոսյանն էլ մեզ ասաց, որ ինքն անձնավորված որեւէ մեկին չի մեղադրել, այլ խոսել է երեւույթի մասին։ Ինքն ունի հիմնավոր կասկածներ եւ ամեն ինչ անելու է դրանք ցրելու համար. «Եվ, ի վերջո, անցել են ժամանակները, երբ ԱԺ-ն դակիչ մարմին էր»: