Գիտնականները պարզել են, որ մարդիկ ծերանում են չորս հիմնական տիպով.
Ինչպես հայտնում է РИА “Новости”-ն, Ստենֆորդյան համալսարանի աշխատակիցները հետազոտություններ են իրականացրել, որոնց շրջանակում նրանք գրանցել են 29-75 տարեկան 106 առողջ մարդկանց մոտ մանրէների և կենսաբանական մոլեկուլների մակարդակը (սպիտակուցների, մետաբոլիտների և լիպիդների): Նրանց հետաքրքրել է այդ ցուցանիշների փոփոխությունը` ժամանակի ընթացքում: Ընդհանուր առմամբ, փորձագետները մարկերներից առանձնացրել են՝ 10343 գեն, 306 արյան սպիտակուցներ, 722 մետաբոլիտներ և 6909 տեսակի միկրոբներ:
Տարբերակվել են օրգանիզմի ծերացման չորս կենսաբանական ճանապարհ՝ մետաբոլիկ (նյութափոխանակության խանգարում), իմունային (իմունիտետի իջեցում), հեպատիկ (լյարդի ֆունկցիայի խանգարում) և նեֆրոտիկ (երիկամային խնդիրներ): Մարդու մոտ կարող են հանդես գալ, միաժամանակ, մի քանի տեսակները: Տեսակից կախված, օրգանիզմում սկսում են շատանալ համապատասխան մարկերները:
Գիտնականների պնդմամբ, մետաբոլիկ տիպի ժամանակ ծերացման հետ բարձրանում է դիաբետի վտանգը, իսկ մարկեր է A1c հեմոգլոբինի բարձր մակարդակը: Իմունային տիպի մարդկանց մոտ գրանցվում է բորբոքման մարկերների ավելի բարձր մակարդակ և հակում` կապված իմունիտետով պայմանավորված հիվանդությունների հետ:
Պարզել, թե ո՞ր ճանապարհով կընթանա օրգանիզմի ծերացումը, կարելի է դեռ երիտասարդ տարիքում: Դա հնարավորություն կտա կյանքի պայմաններում ուղղումներ մտցնել, իջեցնել վաղաժամ մահվան վտանգը: Ինչպես ցույց են տալիս փորձերը, ապրելակերպի փոփոխության ժամանակ ծերացման գործընթացների դանդաղում է դիտվում, և իջնում է ծերացման այդ տիպի մարկերների մակարդակը: