ԳԻՇԵՐԸ ԿՐԿԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ԽՆԱԾԱԽԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Գորիսի Տեղ համայնքի Խնածախ գյուղում երեկ գիշեր կրկին կրակոցներ են հնչել հակառակորդի կողից։ Գյուղի վարչական ղեկավար Սամվել Միրզոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում կարճ անդրադարձավ դեպքին՝ ասելով, թե կրակոցները հնչել են երեկ՝ 22։15-ի սահմաններում եւ կեսգիշերն անց՝ 02։15-ին։
«Որ ասեի առաջվա նման են՝ ոչ, եթե համեմատենք առաջվա հետ, կարող եմ ասել՝ վերջն է, էլի»,-ասաց Միրզոյանը՝ նշելով, որ կրակոցների հետեւանքով գյուղում ոչինչ չի վնասվել, ոչ ոք չի տուժել։
Նշենք՝ մի քանի օր է ինչ Խնածախ եւ Խոզնավար գյուղերի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակում։ Պաշտպանության նախարարությունը սկզբում հերքում էր այդ լուրերը, այնուհետեւ, երբ մամուլում կրակոցներն ապացուցող տեսանյութեր տարածվեցին, հայտարարեց, որ կրակոցները «չեն թիրախավորում ՀՀ տարածքը»։
Այդ կրակոցները հակառակորդն արձակում է իրենց Նոր տարվա՝ Նավրուզի կապակցությամբ, որն այս օրերին նշում են մահմեդական շատ երկրներում։