Գայի պողոտան Խանդոյանի անունով կոչելու առաջարկը օրակարգ նույնիսկ չի կարող մտնել

«Հասարակական առաջընթաց» ՀԿ Նոր Նորքի թաղապետին և ավագանուն դիմում է պատրաստվում ուղարկել Գայի պողոտան Արայիկ Խանդոյանի անվամբ վերանվանելու առաջարկով։ ՀԿ ղեկավարը «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Արթուր Մովսիսյանն է։ «Հրապարակի» հետ զրույցում Մովսիսյանը ասաց, որ ստորագրահավաք են սկսելու վերանվանման գործընթացը սկսելու համար․
« Նոր Նորքում գտնվում է Արայիկ Խանդոյանի անվան « Սասնա ծռերի» գրասենյակը։ Նոր Նորքի հետ կապված Արայիկ Խանդոյանը ունեցել է առնչություն, այսինքն՝ ապրել է Նոր Նորքում, և իր հերոսական անցյալը, հայրենիքին մատուցած ծառայություննները, մենք հարմար ենք գտել, որ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը կոչվի Արայիկ Խանդոյանի անունով, ուստի որոշել ենք վերանվանել Գայի պողոտան»։
Բայց Հայկ Բժշկյանցը պակա՞ս ծառայություններ է մատուցել հայրենիքին՝ հարցրինք Մովսիսյանին․
«Մենք բոլշևիկներին չենք ընդունում։ Եթե Հայկ Բժշկյանց, ուրեմն թող լիներ Հայկ Բժշկյանցի պողոտա, ոչ թե Գայի պողոտա։ Դե հիմա կեղծանունն է, թե ի՞նչն է, ես Հայկ Բժշկյանցին ընդունում եմ որպես բոլշևիկ և ոչ ավելին, ես իրեն ազգային հերոս չեմ ընդունում, ազգային հերոս ընդունում եմ Արայիկ Խանդոյանին։ Ստորագրությունները հավաքելու ենք Գայի պողոտայի բնակիչներից, ընդհանուր ստորագրահավաք էլ է կազմակերպվում։ Մենք դիմումը գրել ենք, բայց դեռ չենք հանձնել, սա ուղղակի նախագիծն է , որը մենք վաղը հանձնենք վարչական շրջանի ավագանուն և ղեկավարին, ու չեմ կարծում, որ մերժում կստանանք, որովհետև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շատ ադեկվատ և ազգասեր մարդ է»,- ասաց Մովսիսյանը։Ըստ կանոնակարգի՝ ավագանին առաջարկը դնում է շրջանառության մեջ, կրթության, մշակույթի և սպորտի գլխադասային հանձնաժողովը քննարկում է առաջարկը, տալիս եզրակացություն, ապա հարցը քննարկվում է ավագանու նիստում։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀԿ-ի առաջարկը նույնիսկ չի կարող ավագանու նիստի օրակարգ մտցվել, քանի որ կա կառավարության որոշում, ըստ որի՝ մարդու անունով փողոց կամ պողոտա կարելի է անվանակոչել միայն նրա մահվանից 10 տարի անց։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )