Գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանա․ Մհեր Գրիգորյան
«Մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը Հայաստանում սպառողի համար գազի գինը չի բարձրանա»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանը բանակցում է ռուսական կողմի հետ, որ հնարավոր գնային տատանումը բեռ չդառնա թե սպառողի, թե տնտեսության վրա:
«Մինչև ապրիլի 1-ը բարձրացում չի լինի: Դրանից հետոյի հետ կապված տեղեկություն չեմ կարող հիմա հաղորդել: Բանակցություններն ընթացքի մեջ են: Բանակցում ենք, որպեսզի ամեն ինչ անենք, որ չլինի այնպիսի գնային տատանում, որը բեռ կամ պրոբլեմատիկ լինի թե հասարակ սպառողի, թե տնտեսության համար»,-ասաց Գրիգորյանը:
Հարցին՝ արդյոք այս հայտարարությունը, թե գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանալու, ուղիղ մեսի՞ջ է, թե ապրիլի 1-ից հետո բարձրացում է լինելու, փոխվարչապետն ասաց․ «Եթե դա լիներ ուղիղ մեսիջ, կասվեր ուղիղ մեսիջով: «Եթե չի ասվում ուղիղ մեսիջով, նշանակում է, որ բանակցվում է, և կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են»։
Իսկ Հայաստանը բանակցո՞ւմ է այլ երկրների, օրինակ Իրանի հետ սպառողների համար գազ ձեռք բերելու նպատակով, պարոն Գրիգորյանն ուղղի պատասխան չտվեց՝ նկատելով, որ գազի հետ կապված բանակցություններն ու քննարկումները բազմակողմ են ուստի ցանկացած հնարավորություն պետք է գնահատել ու հաշվի առնել։