Բրոկոլին, քրքումն ու նուռն օգնում են պայքարել շագանակագեղձի քաղցկեղի դեմ. ASCO
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները պարզել են, որ ֆիտոքիմիկատներով, բջջանյութով, D վիտամինով և լակտոբացիլներով հարուստ մթերքները կարող են ճնշել շագանակագեղձի ցածր ռիսկի քաղցկեղի զարգացումը։ Հետազոտության արդյունքները ներկայացված են Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության (ASCO) կայքում։
Հետազոտությանը մասնակցել են 212 տղամարդիկ, ովքեր ունեն դանդաղ աճող շագանակագեղձի քաղցկեղ՝ առանց մետաստազների: Այս տեսակի քաղցկեղի դեպքում օգտագործվում են ճառագայթային թերապիա և վիրահատություն, եթե այն սկսում է զարգանալ: Սակայն տղամարդկանց մոտ 60%-ը, որոնք սկզբում ընտրել էին ակտիվ հսկողությունը, հետագայում որոշում են ընդունել ենթարկվել ավելի արմատական բուժման:
Փորձի շրջանակում կամավորների կեսը ֆիտոքիմիկատներով հարուստ սննդային հավելում է ընդունել: Դրանք ստացվում էին խտացված ամբողջական մթերքներից՝ բրոկկոլից, քրքումից, նուռից, կանաչ թեյից, օրգանական կոճապղպեղի արմատից և լոռամրգուց:
Փորձարկվողների մյուս կեսն էլ ընդունել է կաթնային բակտերիաներ, ինուլին («լավ» բակտերիաներին կերակրող մանրաթելերի տարատեսակ) և D վիտամին։
Արդյունքները ցույց են տվել, որ երբ հավելումները միասին են ընդունվել, շագանակագեղձի քաղցկեղի սաստկացման արագությունը դանդաղել է 42%-ով։ Մագնիսառեզոնանսային շերտագրությունը միաժամանակ ցույց է տվել, որ հինգ տղամարդկանց օրգանիզմում ուռուցքները փոքրացել են, մինչդեռ մեծամասնության (92%) օրգանզիմում դրանց չափը չի փոխվել:Գիտնականները պարզաբանել են, որ ֆիտոքիմիկատներն ուժեղացնում են օրգանիզմում հակաօքսիդանտային ակտիվությունը՝ ԴՆԹ-ին պաշտպանելով վնասից, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի: Պրոբիոտիկները (օգտակար բակտերիաները) օգնում են քայքայել ֆիտոքիմիկատներն ավելի հեշտությամբ յուրացվող ձևերի, իսկ մանրաթելերն օգնում են բարձրացնել իմունիտետը՝ աղիքների միկրոբիոմի վրա ազդեցության միջոցով: