Բողոքի ալիքի վրա իշխանության եկածները բողոքի ալիքից վախենում են

Նախօրեին ԿԳՄՍ նախարարության մոտ տեղի ունեցած գործողությունը, որով բավական կոշտ ուժ կիրառվեց դաշնակցական ցուցարար երիտասարդների հանդեպ, ըստ էության բացահայտեց մի պարզ իրականություն։ Այն իշխանությունը, որը երկրի ղեկին հասել է բողոքի ալիքի վրայով, ունի գոյաբանական վախ այդ ալիքից եւ պատրաստ է ցանկացած միջոց կիրառելու, նման ալիքները խեղդելու համար։ Հարցն այստեղ ամենեւին էլ Արայիկ Հարությունյանը չէ, կամ նրա վարած քաղաքականությունը։ Ի վերջո Արայիկ Հարությունյանը թիմի մի մաս է, ֆունկցիոներ եւ հարցն այստեղ ավելի գլոբալ է եւ աղերսվում է անմիջապես Նիկոլ Փաշինյանի կերպարի հետ։ Հետաքրքիր է, թե եթե Սերժ Սարգսյանը գնար կոշտ հակադարձման, եւ կարողանար այդ ժամանակ լեզու գտնել գոնե Մոսկվայի հետ, իշխանությունը պահելու համար, ապա որտեղ կլիներ Նիկոլ Փաշինյանը հիմա։ Հետաքրքիր է նաեւ, թե ինչ մետամորֆոզներ են տեղի ունեցել Արայիկ Հարությունյանի մեջ, ով ամիսներ առաջ կողմ էր ուսանողական շարժումներին, իսկ հիմա դրանք փորձում է խեղդել։ Առհասարակ ներկա իշխանության ներկայացուցիչները իշխանության հասած լինելով հարբած են, ու չեն հասկանում, որ չի կարելի նման կերպով վարվել, որովհետեւ այս ամբողջը ակնհայտորեն հարվածելու է հենց իրենց բումերանգի էֆեկտով։ Եվ բացի այդ, համահայկական ավանդական կուսակցության հանդեպ նման կեցվածքն առնվազն խորացնում է Սփյուռքի «հարց լուծող» շրջանակների՝ առ Հայաստանի ներկա իշխանություններն ունեցած վստահության պակասը։ Մեկ ժամանոց հանդիպումը հարցն ավելի դյուրությամբ կկարգավորեր, քան նման կոշտ արձագանքը։ Կամ էլ, գուցե այս կերպ փորձ է արվում գործողություններ արագացնել։ Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա, թե ինչ զարգացումներ կլինեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )