Բաց նամակ վարչապետին, ԱԺ նախագահին և այլոց

Բաց նամակ ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին, կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրենին
Ձեզ են դիմում Նոր-նորքի 2-րդ զ/ծի Ն.Ստեփանյան 3/6 նորակառույց բազմաբնակարան շենքի մի խումբ բնակիչներ: Շենքն ունի 140 բնակարան, մոտ 300 բնակիչ: Ն.Ստեփանյան 3/6 շենքի ավարտական ակտը տրվել է 2018թ. մայիսի 8-ին:
Տեղեկացնում ենք, որ շուրջ 5 ամիս է մենք՝ շենքի բնակիչներս, չենք կարողանում սեփական դիմումի համաձայն դառնալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անհատական բաժանորդ, որի մերժման պատճառը հանդիսանում է պոմպակայանը ՀՀ Ջրային կոմիտեին կառուցապատող «Օլիմպ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից չհանձնված լինելը: Խնդրում ենք պարզել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում անհատական բաժանորդագրման համար պարտադիր պայման հանդիսացող շենքի նախագծային շեղումով պոմպակայանը ՀՀ Ջրային կոմիտեին հանձնելու խնդիրն ինչու չպետք է կառուցապատողը ժամանակին հանձնած չլիներ, որպեսզի բնակիչներն այսօր անարգել բաժանորդագրվեին շուրջ 5 ամիս առաջ գրված դիմումների համաձայն:Նշենք, որ պոմպակայանը չի համապատասղանում ՀՀ Ջրային կոմիտեի օրենքով սահմանված չափորոշիչներին:
Շենքի հետ կապված առկա են մոտ 10 խախտում: Խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնվել է կառուցապատող «Օլիմպ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին, քաղաքաշինության կոմիտեին, Երևանի գլխավոր ճարտարապետին, համապատասխան տեսչական մարմիններին, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որոնք մինչ այսօր մեր շենքի շենքի հետ կապված խնդիրների լուծման կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել իրենց իրավասությունների սահմաններում կառուցապատողին պարտադրելու վերացնել սեփական թերությունները:
Հավաստի աղբյուրների համաձայն Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեշչյանն անձամբ հանդիպել է կառուցապատողի հետ. թե ինչ են քննարկել, հայտնի չէ, բայց Ա. Մեշչյանը խուսափում է անձամբ հանդիպել բնակիչների հետ:
Հատկանշական է, որ ավարտական ակտը տրվել է 2018թ. մայիսի 8-ին, իսկ 2018թ. սեպտեմբերի 14-ին արդեն հետհեղափոխական «Նոր Հայաստանում» անխոչընդոտ գրանցվել ՀՀԿԱ կադաստրի պետական կոմիտեում իր բազմաթիվ շեղումներով հանդերձ նախագծից:
ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին բազմաթիվ համասեփականատերերի կողմից ս.թ. նոյեմբերին հստակ ցանկի տեսքով դիմումներ են ներկայացվել, պահանջելով տեսչական ստուգումներ իրականացնել, այդ թվում պոմպակայանի տեխնիկական և նախագծային շեղումների վերաբերյալ: Վերջինս, առանց տեղում պոմպակայանն ուսումնասիրելու, բնակիչներին տալիս է թերի պատասխան, որտեղ բացակայում են պոմպակայանի և մեր նշված ակնհայտ շեղումների մասին մեկնաբանությունները, որոնք որևէ կերպ հիշատակված չեն:
Հարց է առաջանում, թե ինչու վերը նշված կառույցներն այսքան լոյալ են և փորձում են չնկատել տվյալ կառուցապատողի խախտումները, ավելին, կառուցապատողն առանց խախտումներն ուղղելու,նոր նախագծերի շինթույլտվություն է ստանում Ա.Մեշչյանի կողմից:
Մենք՝ շենքի բնակիչներս, ամեն ինչ անում էինք որ բոլոր հարցերը լուծվեն առանց ավելորդ քաշքշուկի: Սեփական միջոցներով խնամում ենք շենքի հարակից այգու մի հատված. մաքրել ենք, ծառեր տնկել, լուսավորել և այլն, ինչի կապակցությամբ շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետին և քաղաքապետի 1-ին տեղակալին մեզ այդ հարցում օպերատիվ օժանդակելու համար:
Երևանի գլխավոր ճարտարապետին, կադաստրի կոմիտեի ղեկավարին, տեսչական մարմինների ղեկավարներին, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրենին պահանջում ենք անձամբ գան և տեղում համոզվեն, քանի որ իրենց ենթակաները չեն արձանագրում որոշ կարևոր խնդիրներ կամ իրենց վերադասին ներկայացնում են այլ կերպ:
Նշենք, որ կառուցապատողը բազմիցս դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին շենքի ջրամատակարարումը դադարեցնելու նպատակով անտեսելով սեփական խախտումները:
Հույսով ենք, որ մեր այս նամակը կարդալուց հետո կկատարվեն համապատասխան եզրակացություններ, կարվեն կոնկրետ քայլեր մեր վերը նշված խնդիրները հնարավորինս արագ լուծելու նպատակով, քանի որ բնակիչները չպետք է տուժեն կառուցապատողի, համապատասխան պետական և իրավասու կառույցների թերացումների հետևանքով առաջացած խնդիրների պատճառով, առավել ևս միջոցներ առանձնացնեն շինարարական խնդիրները վերացնելու համար, քանի որ պոմպակայանի վերաբերյալ Ջրային կոմիտեից ներկայացված պահանջից պարզ է դառնում, որ լուծումը բազմամիլիոն ծախսեր է պահանջում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )