Բայդենն ընտրությունների ելքի հարցում կարևորագույն նահանգներից մեկում ստացած ձայների քանակով առաջ է անցել Թրամփից
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը «տատանվող» Ջորջիա նահանգում, որտեղ ընտրությունների ընթացքում երկար ժամանակ առաջատարը գործող նախագահ Դոնալդ Թրամփն էր, շրջանցել է վերջինիս և դարձել է առաջատար: Այս մասին տեղեկանում ենք Fox News հեռուստաալիքից:
Վերջին տվյալների համաձայն՝ Բայդենը հավաքել է ձայների 49,39%-ը, իսկ Թրամփը ՝ 49,37%-ը:
16 ընտրական ձայն ունեցող Ջորջիան չորս նահանգներից մեկն է, որը կարող է որոշել ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքը. այնտեղ դեռևս չի հայտարարվել հաղթողը: Թրամփի շտաբը հայց է ներկայացրել Ջորջիայի նահանգային դատարան ՝ պահանջելով նահանգային ընտրական հանձնաժողովներին պահպանել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվարկի և պահման մասին օրենքը:
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը պետք է որոշի Գերագույն դատարանը: Այս մասին նա գրել է Twitter- ում:
Գործող նախագահը պնդում է, որ ընտրություններիի ժամանակ դիտորդներին թույլ չեն տվել կատարել իրենց գործը, ուստի այդ ժամանակ ընդունված ձայները պետք է անօրինական ճանաչվեն:
«Ես հեշտությամբ հաղթում եմ ԱՄՆ նախագահի ընտրություններում օրինական ձայներով: Դիտորդներին որևէ կերպ թույլ չեն տվել իրենց գործն անել, ուստի՝ այս ընթացքում ստացված քվեները պետք է ապօրինի համարվեն: ԱՄՆ գերագույն դատարանը պետք է որոշի», – գրել է նա:
Ավելի վաղ Թրամփը մի քանի անգամ կոչ էր արել դադարեցնել ձայների հաշվարկը, իսկ ընտրությունների օրվանից հետո փոստով ստացված քվեաթերթիկներն անվանել էր անօրինական: Նրա կարծիքով, առանցքային նահանգներում իր մրցակից Ջո Բայդենի դիրքերի բարելավումը պատահական չէր:
«Այս կերպ դեմոկրատները փորձում են «գողանալ ընտրությունները»,- վստահ է նախագահը:
Թրամփի թիմն ու անձամբ նախագահը մի քանի նահանգներում պահանջում են թույլ տալ հանրապետական դիտորդներին հետևել ձայների հաշվարկին, իսկ Վիսկոնսինում, որտեղ թեկնածուների միջև տարբերությունը 1%-ից ցածր է, վերահաշվարկ կատարել:
Միևնույն ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշում է, որ ընտրություններում զգալի խախտումներ չեն եղել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։