Բայդենը մտադիր է արգելել նոր ծովային հանքավայրերի մշակումները ԱՄՆ մերձափնյա տարածքում. Bloomberg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է արգելել ծովային նավթահանքերի նոր մշակումները ԱՄՆ մերձափնյա տարածքում, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

Արգելքը, որի մասին կհայտարարվի երկուշաբթի օրը, բացառում է հորատման իրավունքների վաճառքը Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսների որոշ հատվածներում, ինչպես նաեւ Մեքսիկական ծոցի արեւելյան հատվածում, հայտնել է լրատվամիջոցը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։

Միեւնույն ժամանակ նշվել է, որ Բայդենը բաց հնարավորություն է թողնում Մեքսիկական ծոցի կենտրոնական եւ արեւմտյան շրջաններում նավթի եւ բնական գազի նոր հանքավայրերի վարձակալության համար, որոնց բաժին է ընկնում երկրում այս տեսակի վառելիքի արտադրության մոտ 14 տոկոսը։

The New York Times թերթը գրել է, որ օրենքի այն մասը, որի վրա հիմնված է Բայդենի «Հողամասեր արտաքին մայրցամաքային շելֆի մասին»  օրենքը, նախագահին տալիս է լայն ազատություն՝ դադարեցնելու հորատումը եւ չի պարունակում ձեւակերպումներ, որոնք թույլ կտան նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կամ ապագա նախագահներին չեղարկել արգելքը։

Բայդենը, Թրամփը եւ Թրամփի նախորդը՝ Բարաք Օբաման բոլորն օգտագործել են օրենքը՝ արգելելու ծովային հորատման իրավունքների վաճառքը որոշ առափնյա շրջաններում:

2017-ին Թրամփը փորձել է չեղարկել Արկտիկայի եւ Ատլանտյան օվկիանոսի օգտագործման արգելքները, որոնք Օբաման մտցրել էր իր նախագահության ավարտին, սակայն 2019-ին դաշնային դատավորը որոշել էր, որ օրենքը նախագահներին իրավունք չի տալիս չեղարկել նախկինում մտցված արգելքները

Share This