«Բալասանյան» դաշինքը, երևի, որոշել է դուրս գալ քաղաքականությունից. Կարեն Սարուխանյան
Ենթադրում եմ, որ «Բալասանյան դաշինքի» մեր գործընկերները որոշել են ուղղակի դուրս գալ քաղաքականությունից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրենց չի՞ հետաքրքրել, թե ինչու Գյումրու ավագանիում մեծամասնություն հանդիսացող «Բալասանյան դաշինքի» բոլոր անդամները մանդատները վայր դրեցին, իսկ քաղաքապետը հրաժարական տվեց:
Նրա խոսքով՝ Գյումրիում արտահերթ ընտրությունների մասով ՔՊ-ում քննարկում եղել է եւ պաշտոնապես հայտարարությամբ հանդես կգան:
Խոսելով Գյումրու քաղաքապետի պաշտոնում իր թեկնածության մասին` Սարուխանյանը նշեց․ «Ես ընտրվել եմ Գյումրիում տարածքային կազմակերպության նախագահ և իմ թեկնածությունը միաձայն հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը։ Մենք քաղաքական մասով ընտրություն ենք կատարել և գնալու ենք արտահերթ ընտրությունների»։
Սարուխանյանը նաև հերքեց տեղեկությունները, թե ՔՊ-ն ուզում է «Սև բերդը» խլել Բալասանյանների ընտանիքից, դա դարձնել ՔՊ-ի բիզնեսը։