Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. Սուրեն Սարումյանն արձագանքել է <<Բայրաքթար>>-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք հայտնվելու մասին լուրերին:
«Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել, այսինքն՝ այն գծից ներս որտեղ կանգնած է մեր զորքը»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է Սուրեն Սարումյանը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե Արցախի երկնքում թուրքական անօդաչու թռչող սարք է երևացել: Մասնավորապես Wargonzo-ի տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Արցախի երկնքում դարձյալ թուրքական արտադրության «Բայրաքթար TB2» անօդաչու սարքեր են աշխատում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ռուս խաղաղապահները շաբաթ կասեցրել են հրադադարի ռեժիմի խախտումը Լեռնային Ղարաբաղում:
«Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, որը կասեցվել է ռուս խաղաղապահ զորակազմի գործողությունների արդյունքում»,- հայտնել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: