Արցախի մարտական դիրքերից իջեցվել են հայկական դրոշները. Մետաքսե Հակոբյանը պարզաբանում է՝ ինչու

Արցախում հայ-ադրբեջանական շփման գծում մարտական դիրքերից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Արցախի հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ մարտական դիրքերից դրոշները հանելը պետք չէ ցավոտ ընդունել, քանի որ եթե այդկերպ գոնե չնչին չափով ապահովում ենք մեր զինվորների անվտանգությունը, ապա պետք է դա անել։ Պատգամավորը նշեց, որ մարտական դիրքերում դրոշների առկայությունը լարվածություն է առաջացնում, և մենք պետք է հարցին մոտենանք այլ տեսանկյունից։

«90-ականների պատերազմից հետո երբևէ մարտական դիրքերի վրա դրոշ չի դրվել։ Չի կարելի քո տեղակայման վայրում դրոշ տեղադրել՝ չնայած տեխնիկայի զարգացվածության շրջանում դա ոչինչ չի փոխում, բայց ամեն դեպքում պետք չէ։ Ընդհանրապես դրոշ դնելն ադրբեջանցիների ու թուրքերի մոլուցքն է։ Դրոշը պետք է նպատակային դրվի։ Օրինակ կարող է թշնամու զինվորը մի օր խմել, հիշել իրենց ալլահին, որոշի զոհ մատուցել ու կրակի մեր դիրքերի ուղղությամբ։

Չպետք է մեր զինվորներին վտանգի ենթարկենք»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Վերջինս հավելեց՝ ուժային կառույցների ղեկավարներն իրենց հետ հանդիպման ժամանակ նույնպես այդկերպ են մեկնաբանել դրոշները հանելու նպատակը և ընդունել իրենց սխալը, որ ի սկզբանե մարտական դիրքերում դրոշներ չպետք է դնեին։

Պատգամավորը նաև նշում է, որ դրոշը պետք է լինի այն վայրերում, որտեղ երկրի պետականությունն է խորհրդանշում և հիշում, որ պատերազմի ընթացքում Արցախի նախագահական շենքի վրայից հանել էին դրոշը.

«Այ դա էր սխալ, դա էր կապիտուլյանտի հոգեբանությամբ ենթարկվելն ու գլուխ խոնարհելը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Դիտարկմանը, որ ըստ տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությունների, դրոշները մարտական դիրքերից հանելու պայմանն ադրբեջանական կողմը ներկայացրել է Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ իհարկե նման պայման կլինի, քանի որ Ադրբեջանն այդ մոլուցքով է տառապում։

«Միայն նրա համար, որ դիրքերի վրա դրոշներ են դրված, նրանց մոտ ինչ-որ հիստերիա է առաջացնում, բայց մենք չպետք է մտածենք այնպես, ինչպես Ադրբեջանն է մտածում։ Պետք է իրատես լինենք։ Այս պահին հականում եմ, որ դա իմ զինվորին կարող է վնասել, ուրեմն թող չլինի»,-ասաց ԱՀ ԱԺ պատգամավորը։

Հարցին՝ արդյոք դա չի դիտվում այնպես, որ հայկական կողմն ընդունում է Ադրբեջանի հերթական պայմանը, Մետաքսե Հակոբյանը հստակեցրեց՝ ոչ թե հայկական կողմը, այլ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ուժային կառույցների ղեկավարներն այնքան խելամիտ պետք է լինեին, որ դեռ ժամանակին հասկացած լինեին՝ չպետք է իրենց տեղակայման վայրերում դրոշներ դնեն, որ հիմա էլ ասեն, թե առաջին դեմքերի մակարդակով Ադրբեջանն այդ հարցը կարողացավ լուծել»,-ասաց Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում դրոշների իջեցումն ուժային կառույցների նախաձեռնությամբ է, որ զինվորների կյանքը չվտանգվի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )