Արտիստ, որն ապրեց բեմում ու մահացավ ռազմաճակատում. մնջախաղաց Հովհաննես Հաջինյանը կամավոր մեկնել էր ռազմաճակատ
Մնջախաղաց Հովհաննես Հաջինյանը կամավոր մեկնել էր Արցախ ու հայրենիքի համար կռվել իսկական մարտիկի նման: Ընկերները նրա մասին ասում են՝ սովորական տղա էր, սովորական միմ, որը, պարզվեց, արտասովոր հերոս է:
Հովհաննեսը հայրենասիրության մասին ոչ թե խոսում էր, այլ՝ ապրում այդպես: Բոլորին օգնելու պատրաստակամությունը նրա ապրելակերպի անբաժան մասն էր: Մնջախաղացը գունավոր ու քաղաքային կերպար էր. նա ծնվել էր արտիստ լինելու համար: Հաճախ նույնիսկ դժվար էր հասկանալ՝ բեմում է խաղում, թե կյանքում:
Կյանքում էլ էր Հովհաննեսը խաղում, կամ գուցե չէր խաղում: Գուցե բեմում չէր խաղում, չգիտեմ…Նա պարզապես այնքան օրգանական էր ամեն տեղ»,-ասում է Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Մնջախաղացը կյանքում աշխույժ էր, նույնիսկ՝ անհանգիստ: Լուսավոր հայացքով ու լուսավոր աչքերով արտիստը կարողանում էր առանց բառերի խոսել ու խոսեցնել: Իր կյանքի ընթացքում Հովհաննեսն իր մասնագիտությանն անդավաճան մնաց, թեև երկար ժամանակ նույն տեղում հանգիստ մնալը Հովհաննեսի մասին չէր:
«Նույնիսկ շատ հոգնած ժամանակ ինքը միևնույն է շատ աշխույժ էր, գնում-գալիս էր, հումոր էր անում: Իր տեսակն էր այդպիսին, անհանգիստ էր շատ», – պատմում է մնջախաղաց Հայկ Իսրայելյանը:
Իր բոլոր մարդկային թուլություններով ու թերություններով՝ Հովհաննեսն արտիստ էր, որի առաքելությունն ապրեցնելն ու մարդկանց երեսին ժպիտ նկարելն էր:
«Հովհաննեսն իր սովորական կյանքում կարողանում էր նույնքան սովորական ձևով ժպիտ պարգևել: Ու իր թվացյալ սովորականության մեջ նա այնքան խաղաղ էր, այնքան ներդաշնակ, ինքնաբավ: Երբեք ոչ մեկից ոչ մի ակնկալիք չուներ», – ասում է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:
Հովհաննեսը շփման մեջ ուղիղ էր, պարզ ու շիտակ: Որտեղ բանավեճ լիներ՝ Հովհաննեսի հումորը չէր ուշանա: Ծանոթ, թե անծանոթ՝ բոլորին հաշտեցնում էր: Ապրում էր ներկայով, ապագայի մասին հազվադեպ էր մտածում: Հովհաննեսի համար բեմ էր քաղաքի ցանկացած անկյուն: Մնջախաղացը հաճախ էր շրջում քաղաքում՝ բեմական շպարով ու հագուստով:
«Մենք շատ մեծ բան կորցրինք: Մի շատ կարևոր գույն պակասեց մեր քաղաքում: Երկրորդ Հովոն չկա: Ես չեմ կարող ասել, որ ունենք այդպիսի արտիստ: Մեր արտիստը հերոսացավ», – ասում է Ժիրայր Դադասյանը:
Թատրոնից ռազմաճակատ Հովհաննեսի ճանապարհը ոչ թե ներկայացում էր, այլ իրականություն ու հերոսական ճակատագիր: Բեմում Հովհաննեսն էր խոնարհվում, հիմա՝ հակառակն է: