Արմեն Գրիգորյանի ելույթից հետո ադրբեջանցի մաքսավորները հայերից էլ են փող ուզում

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական մաքսակետի եւ ոստիկանական հենակետի տեղադրումից հետո երբեմնի աշխույժ երթեւեկությունը դադարել է։ Այսօր ե՛ւ հայերը, ե՛ւ իրանցի վարորդները շրջանցում են այս ճանապարհը, քանի որ հակառակ դեպքում ստիպված են, որպես ճանապարհային հարկ, ահռելի գումար վճարել ադրբեջանցիներին։ Ադրբեջանցիները հենց այսպես են գրում-ձեւակերպում այստեղով անցնող վարորդների ռեկետը։ Ճանապարհային հարկն ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման համար  պետական բյուջե վճարվող հարկ է, որը գանձվում է բեռնատարներից։ Փաստորեն, Հայաստանի Ջի Պի Էս-ով 21 կիլոմետրանոց հատվածից ադրբեջանական բյուջեն փող է լցվում։

Յուրաքանչյուր իրանական բեռնատար, որը երթեւեկում է Որոտանի ճանապարհով, պետք է վճարի 250 դոլար, իսկ վերադառնալուց այդ նույն մեքենան եւս 150 դոլար է մուծում ադրբեջանցիներին։ Նույն գանձումներն իրականացվում են հայկական բեռնատարներից։

«Ես ի՞նչ իմանամ, թե ոնց են հաշվում,- ասում է ճանապարհից ոչ հեռու գտնվող Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը,- ե՛ւ գնալուց են վերցնում, ե՛ւ գալուց են վերցնում։ Շատ քիչ քանակությամբ մեքենաներ են անցնում ստեղով։ Սկզբում հայերից փող չէին վերցնում, բայց երբ որ մեր ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասեց, որ պետք է վճարենք-անցնենք, հայերից էլ սկսեցին փող գանձել»։

Ստացվում է, որ Արմեն Գրիգորյանն է կանաչ լույս վառել ադրբեջանցիների առաջ՝ դրդելով նրանց հայերից եւս փող վերցնել։

«Մեզ համար վիրավորական է, որ մենք մեր հողով անցնենք ու թուրքին փող տանք։ Պիտի գնանք մտնենք թուրքի պոստը, թուրքին փող տանք, նո՞ր անցնենք։ Եթե ասեն՝ 100 դրամ վճարեք, գնացեք, հաստատ դա էլ չենք տա։ Մենք թուրքին փող չունենք վճարելու։ Այլընտրանքային, դժվարանցանելի ճանապարհներով մի կերպ գնում ենք։ Դա է խնդիրը»,- նշում է Օնիկ Ավագյանը։ Ըստ նրա, իրանցիները հիմնականում Գորիս-Տաթեւ ճանապարհից են օգտվում։ «Երկար ճամփով են գնում, որ վճարը չվճարեն, բայց բեռնատարներ կան, երկար ավտոներ, որ շրջադարձներն էդ երկար ավտոների համար հարմար չեն, ստիպված ներքեւով են երթեւեկում ու վճարում են»։

Իրանի բնակիչ, վարորդ Ս․-ն, ով պարբերաբար բեռներ է տանում Իրան եւ հակառակը, վստահեցնում է, որ այն պահից, երբ վճար սահմանվեց, ոչ մի անգամ ադրբեջանական մաքսակետով չի անցել։ «Ես որ իմացա՝ այդտեղ գումար են ուզում, էլ էդտեղով չեմ անցել, նոր ճանապարհով եմ գնում»,- ասում է նա։ Հայերեն վարժ չի խոսում։ Խոսքը Տաթեւի ճանապարհի մասի՞ն է։ «Այո, ես ոչ մի բան չեմ մուծում»։

«Սպայկա» ընկերության տնօրեններից Կարեն Բաղդասարյանն էլ կոչ է անում չփնտրել տրամաբանություն ադրբեջանցիների գործողությունների մեջ։ «Եթե մենք փորձենք իրենց արածների մեջ տրամաբանություն գտնել, ապա ինչ-որ տեղ կհիմնավորենք դրանք։ Որեւէ տրամաբանություն չկա այդ ամենի մեջ, անում են այն, ինչ ուզում են։ Կուզեին 1000 դոլար կվերցնեին, կուզեին՝ 50։ Կա տուրք, որ երկիր մտնելուց ծանր մեքենաները վճարում են։ Չնչին գումարներ են դրանք»։ Օրինակ, մի բեռնատար մտնում է եվրոպական երկիր, ինչքա՞ն պետք է վճարի։ «Կան երկրներ, որոնք միմյանց համար հանում են ճանապարհային հարկը կամ տուրք են ասում դրան։ Օրինակ, ԵԱՏՄ երկրները ԵԱՏՄ երկրների մեքենաներն ազատել են ճանապարհային տուրքից։ Բայց այլ երկրի մեքենա որ գալիս, Հայաստանով անցնում է, վճարում է։ Մինչեւ 100 դոլար կարող է լինել մեկ մեքենայի համար, բայց դա ճանապարհի երկարությամբ պայմանավորված չէ։ Ուղղակի դա երկիր մուտք գործելու ու համապատասխան միջպետական պայմանագրեր չլինելու պարագայում վճարվում է, եւ դա նորմալ է։ Մի այդքան էլ Եվրոպայում է, ոչ ավելի։ Դա կարող է լինել բնապահպանական տուրք կամ ճանապարհային տուրք, քանի որ ծանր մեքենաները վնաս կարող են հասցնել տվյալ երկրի ե՛ւ էկոլոգիային, ե՛ւ ճանապարհին»։

Մնում է պարզենք, թե Գորիս-Կապան ճանապարհով երթեւեկողներն ինչ վնաս են հասցնում Ադրբեջան պետության էկոլոգիային եւ ճանապարհին։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )