Արմավիրում ամսական 50 տոննա մոլիբդեն են վերամշակելու
Երեկ մենք նյութ էինք հրապարակել` «Արմավիրում գաղտնի կերպով մոլիբդե՞ն են արդյունահանում. բնակիչները բողոքում են» վերտառությամբ, որտեղ ներկայացրել էինք, որ բնակիչները դժգոհում են առաջացած հոտից եւ նկատել են ծխի ամպեր ապակիների-տարաների նախկին գործարանից։
«Հրապարակ»-ի հետ կապ է հաստատել գործարանի սեփականատեր Ռուբեն Մարտիրոսյանը, որը հաստատեց՝ այդտեղ մոլիբդեն են արդյունահանում։
«Այդ գործարանը թաքուն գործունեություն չի ծավալում, մենք փաստաթղթային ամեն ինչ ունենք, մեզ մոտ ստուգումներ են անում։ Ներդրում ենք արել այստեղ, գործարանը վերականգնել ենք, կարգավորել ենք, 70 հոգի մարդ ենք ընդունել աշխատանքի։ Մեզմոտ ամեն ինչ օրինական է։ Մենք վերամշակում ենք մոլիբդենի խտանյութը։ Տարեկան պայմանագիր ունենք, Թեղուտի հանքից ստանում ենք խտանյութը, մեզ մոտ վերամշակում ենք։ Մենք լրիվ սպիտակով աշխատող հիմնարկ ենք, աշխատատեղ ենք ստեղծել ու պատրաստ ենք երկար աշխատել»։
-Երբվանի՞ց է սկսել աշխատել։
-Այս գործարանը մերն է 2012-2013 թվականներից, ուղղակի հիմք չլինելու պատճառով պարբերաբար էինք աշխատում, արտասահմանից հումքը ստանում էինք, մի քանի ամիս կարողանում էինք աշխատել, հետո, որ հումքը վերջանում էր, էլ չէինք ստանում, Հայաստանից այն ժամանակ մեզ հումք չէին տալիս, դրա համար չէինք կարողանում ստաբիլ աշխատել։
-Այս տարի ե՞րբ եք սկսել աշխատեցնել գործարանը։
-Այս տարի սկսել ենք անցած ամսվանից՝ նոյեմբերից, ու արդեն պայմանագիր ունենք Թեղուտի հետ` 1 տարվա, ինձ թվում է՝ կշարունակենք, բանվորներն էլ են ուրախ, բոլորն էլ ուրախ են։ Ստեղ 7,5 հեկտար հող կար, այդ ապակիների գործարանը հողի վրա էր, բայց մեր տարածքը հիմա 3,5 հեկտար է, մնացած տարածքն ուրիշ մարդիկ վերցրել են, քանդել են, ջարդել են, ինչ են արել, բայց մենք էս մի մասն ենք վերցրել։
-Ումի՞ց եք գնել դուք այդ գործարանը։
-Մենք հարկադիր աճուրդով առել ենք։
-Ամսական ինչքա՞ն ծավալի մոլիբդեն է վերամշակվում։
-Մենք նոր ենք սկսել, ամսական 50 տոննա կկարողանանք հանել դուրս։
-Դեպի ո՞ր երկրներ։
-Այժմ` Ռուսաստան, բայց, քանի որ ես Չեխիայում երկար տարիներ ապրել եմ, այնտեղ, Գերմանիայում էլ, տարբեր երկրներում ունեմ հաճախորդներ, ովքեր իմ հետ կապի մեջ են, եւ ընթացքում քիչ-քիչ ավելացնելու ենք ծավալները։ Աստված տա, Թեղուտի մոտ էլ գործերը լավ գնան, մենք էլ իրենցից շատ կառնենք։ 1 կամ 2 ամիս հետո մտնելու ենք խոշոր հարկատուների ցանկ։
-Ի՞նչ ազդեցություն է դա ունենալու մարդկանց առողջության վրա, որովհետեւ գործարանը քաղաքին մոտ է գտնվում։ Քաղաքացիները նշում են, որ սուր հոտ են առնում։
-Որ սկսում էինք վերանորոգումը, ինչ ասես վառում էին մարդիկ, մարդիկ մտածում են, թե մենք ենք անում։ Մեր արտադրանքից էլ, եթե գալիս էլ է, ապա մեր ծխնելույզները բարձր են, մերը չի կարա վնաս տա։ Մենք ֆիլտրացիոն համակարգեր ենք սարքել, որ արտանետումները մաքրենք