Արագածոտնի մարզում մի քանի ավտոմեքենաների վթարի պատճառը եղել է մերկասառույցը․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 27-ին, ճանապարհի մերկասառույց և մառախլապատ լինելու պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գյումրի–Երևան ավտոճանապարհի 122-րդ կմ հատվածում բախվել են «Chevrolet», «Opel», «Lada» և 2 «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Մինչ կժամանեին Թալինի շտապօգնության բժիշկները՝ վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել պարեկները՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփի մեջ պահվող բժշկական պարագաները։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վթարի մասնակիցները ասում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց, ու միայն վթարից 1,5 ժամ հետո ճանապարհը սպասարկող ընկերությունը բարեհաճել ու սկսել է աղ ու ավազի խառնուրդով մշակել ճանապարհը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում նշում էին, որ ճանապարհը սպասարկում է «Թալին»-ի ճանշինը, սակայն իրականում պարզվեց, որ ճանապարհի սպասարկման պատասխանատուն «Կապավոր» ՓԲԸ-ն է, ով ցուցաբերել է ծայրահեղ անտարբերություն և ժամանակին չի մշակել մերկասառույց ճանապարհահատվածը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝  հունվարի 27-ին, խոշոր ավտովթարներ էին տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։

Share This