Ավագանու նիստը թեժ սկսվեց, թեժ էլ ավարտվեց
Երեւանի ավագանու նիստը երեկ թեժ սկսվեց, թեժ էլ վերջացավ։ Ավագանու «Լույս» խմբակցությունը, որը վերջին շրջանում զբաղված է քաղաքապետարանի եւ քաղաքապետի «դիմակը» պատռելով՝ բյուջեի, գաղտնի գործարքների բացահայտմամբ, երեկ շատ ակտիվ էր։ «Լույսի» անդամներ Թեհմինա Վարդանյանը, Անի Խաչատրյանն ու Դավիթ Խաժակյանը, նախքան ավագանու նիստի մեկնարկելը, նախ մամուլի ասուլիսով հանդես եկան, որով հաստատեցին «Հրապարակի» օրեր առաջ հրապարակած տեղեկությունը, ըստ որի՝ գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքապետարանին մոտ 20 բեռնատար-աղբատար է նվիրել, ինչը քաղաքապետարանը գաղտնի էր պահում։ Բացի այդ, «Լույսի» անդամները նշեցին, որ համայնքի զարգացման հնգամյա ծրագրից չեղարկվել են մի շարք կարեւորագույն կետեր, մասնավորապես՝ վթարային շենքերի փոխարեն նորերի կառուցումը, «Հայրենիք» կինոթատրոնի հարեւանությամբ տրանսպորտային հանգույցի կառուցումը, «մահվան վերելակները» նորերով փոխարինելու ծրագիրը եւ այլն։ Դավիթ Խաժակյանը նիստի մեկնարկին նույնիսկ Մարությանի դեմ «հանցագործության մասին հաղորդում» ներկայացրեց։
Բանն այն է, որ մոտ մեկ ամիս առաջ միաժամանակ արձակուրդ էին մեկնել ե՛ւ Հայկ Մարությանը, ե՛ւ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, իսկ քաղաքապետի լիազորությունները ստանձնել էր 2-րդ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, ինչի իրավունքը նա, ըստ Խաժակյանի, չուներ։ Եվ որպես քաղաքապետ պաշտոնավարման ընթացքում Հայկ Սարգսյանը շուրջ 70 որոշում է ստորագրել։ Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը հերքեց, որ Ալեքսանյանից բեռնատարներ է նվեր ստացել, իսկ մեր հարցին, թե այդ դեպքում ովքեր են նվիրատուները, պատասխանեց, որ չի հիշում, ապա հարցրեց, թե ինչից ենք վերցրել, որ բեռնատարները 20-ն են։ Մարությանին հարցրինք, թե ինչու են գաղտնի պահում նվիրատուների անունները, գուցե նրանց մեջ կան մարդիկ, որոնցից համայնքը չի ցանկանում նվերներ ստանալ։ Մարությանը պատասխանեց․ «Ժողովուրդն ամեն ինչ էլ լավ գիտի»։ Որտեղի՞ց գիտի՝ հարցրինք նրան։ «Եթե 34-ը մենք ենք գնել, ուրեմն պարզ չէ՞, որ մնացածը նվեր է»,- ասաց Մարությանը՝ հաստատելով, որ, այնուամենայնիվ, նվեր ստացած բեռնատարների թիվըԱմեն դեպքում, անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանը հարկատուներից՝ Երեւանի բնակիչներից, գաղտնի պահում նվիրատվություն կատարած անձի կամ անձանց անունները։ Դրանով իսկ կասկածի տեղիք են տալիս, որ այդ նվիրատվության հետեւում կոռուպցիոն ռիսկեր կան թաքնված, եւ նվիրատուներն ինչ-որ բան ստացել են դրա դիմաց։
Հատկապես թեժ անցավ ավագանու նիստի հարցուպատասխանի փուլը։ ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը քաղաքապետ Մարությանին հարցրեց, թե ինչ կարծիք ունի վերջերս մետրոյի կայարանում իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի բեմադրության վերաբերյալ։ Մարությանն ընտրեց հարցին պատասխանելու ամենադյուրին ու անշառ տարբերակը․ «Հայաստանում չեմ եղել, չեմ տեսել, չգիտեմ»։ Մինչդեռ ողջ երկիրն օրեր շարունակ դիտում եւ քննարկում էր «Հուզանք եւ զանգ» ներկայացումը։
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն օրվա հերոս հռչակեց Աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպության տնօրենին։ «Պարոն Գրիգորյան, լա՞վ եք, ի՞նչ կա-չկա»,- դիմելով վերջինիս՝ ասաց Խաչատրյանը։ Ապա «Լույս» խմբակցության անդամն ուղղակի մեղադրանքների տարափ տեղաց Գրիգորյանի վրա՝ նրան մեղադրելով կազմակերպության աշխատակցի իրավունքները ոտնահարելու, մերձավորության սկզբունքով պաշտոններ բաժանելու, թաղապետերից մեկի հետ սրճարանում վիճաբանելու եւ միայն Հայկ Մարությանին «պրիզնատ» գալու մեջ։
Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին։