Աստված Ադամին տվեց Եվա, ոչ թե Պողոս․ տրանսգենդերն ընդդեմ լրատվամիջոցի գործով դատաքննությունն ավարտվեց

Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալուց հետո հայտնի դարձած տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանը դատի է տվել irates.am կայքին՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել պատասխանող կողմին irates.am կայքի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից հնչած վիրավորական արտահայտությունների համար, և որպես փոխհատուցում` պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել մեկ միլիոն ՀՀ դրամ:
Հայցվոր կողմին վիրավորել է լրագրող Արթուր Հովհաննիսյանի հոդվածում տեղ գտած «ԱԺ ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվողն արդեն բացահայտ դիմում է հանրությանը» հոդվածում առկա «այլասերված» և «սոդոմական մեղքի մեջ գտնվող» բնորոշումները։
Այսօր տեղի ունեցավ դատական նիստը, որի դատաքննությունն ավարտվեց:Լիլիթ Մարտիրոսյանը չէր ներկայացել նիստին, մինչդեռ նրա ներկայացուցիչը հայտարարեց, որ նման արտահայտությունները չեն կարող արդարացվել իրավական պետությունում, որտեղ մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է․ «Պատասխանողը ի սկզբանե նպատակ է ունեցել նսեմացնել հայցվորի արժանապատվությունը։ Պատասխանողը շարունակել է ծաղրել հայցվորին։ Ինչ վերաբերում է այլասերված բառին, ապա մեր կողմից Լեզվի պետական կոմիտեի նախագահին ուղարկվել է գրություն՝ նշված բառի հետ կապված, ստանալով պատասխանը՝ պարզում ենք, որ «այլասերված» բառը նշանակում է բարոյալքված, բարոյական որակներից զուրկ մարդ, իսկ նշված բառի հոմանիշներն են՝ անբարոյականալ, անառականալ, պոռնկանալ, փչանալ եւ այլն։ Դրանք վիրավորում են հայցվորի եւ ցանկացած մարդու պատիվն ու արժանապատվությունը»։
Պատասխանողի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանն էլ ասաց, որ լրագրողն առաջնորդվել է հանրային գերակա շահով․ «Վիճելի արտահայտությունները ներկայացրել են հեղինակի գնահատողական դատողությունները։ Սույն գործով վիճարկվող հոդվածում առկա արտահայտությունները, որոնք հայցվորի կարծիքով արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը, հոդվածագրի դատողություններն են։ Վերջինս դեմ լինելով նման երեւույթին՝ իր կարծիքն ու բացասական վերաբերմունքն է արտահայտել հարցի վերաբերյալ»։
Լեւոն Բարսեղյանն ապա մեջբերում արեց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքը՝ հարցի վերաբերյալ․ «Գարեգին Բ-ն ասել է, որ մեր քրիստոսասեր ժողովուրդը դարերն ի վեր կրողն է աստվածաօրհնյալ ընտանիքի եւ իրական գաղափարի։ Այսօր, սակայն փորձ է արվում բարոյական շեղումները ներկայացնել իբրեւ մարդու իրավունքներ»։
Ըստ Լեւոն Բաղդասարյանի՝ «սոդոմական մեղք» արտահայտությունը պարզաբանվում է աստվածաբանական բառարանում, ապա նշեց՝ Աստված Ադամին տվել է Եվա, ոչ թե Պողոս։
Նիստի ավարտից հետո ներկաները փորձեցին «Աստվածաշունչը» բացատրել նաեւ նախագահող դատավոր Զարուհի Նախշքարյանին, սակայն նա հեռացավ դատական նիստերի դահլիճից։
Սույն գործով որոշումը կհրապարակվի դեկտեմբերին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )