Առողջական ինչ վիճակում է ցրտահարված 2 տարեկան երեխան

Ստեփանավանում ցրտահարված 2 տարեկան երեխան գտնվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ավելացնելով, որ երեխային ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն։
Նրա փոխանցմամբ՝ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատում են բավարար։ «Երեխան, մեր տեղեկություններով, կունենա խնամակալ, բայց այդ հարցի կարգավորումը կհաստատեն սոցիալական համապատասխան մարմինները, ՀՀ առողջապահության նախարարությունը հետևում է երեխայի առողջական խնդիրներին»,- նշեց Ծատրյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեխայի մոտ լուրջ առողջական խնդիրները հայտնաբերել է մանկաբույժը՝ տնայցի ժամանակ։
Նշվում է, որ տանը ջեռուցում ընդհանրապես չի եղել, բացակայել են կոմունալ տարրական պայմանները։ Փոքրիկին հետազոտելիս՝ մանկաբույժը ծնողներին՝ Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ.-ին և ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ-ին, տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն և բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տեղափոխել։ Արդյունքում՝ փոքրիկը շտապօգնության մեքենայով, մանկաբույժի ուղեկցությամբ է տեղափոխվել հիվանդանոց՝ առանց ծնողների, որտեղ մանկահասակ երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն։