Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել դեմքի տարբեր հատվածների բշտիկները
Բշտիկներն ակնեի հիմնական ախտանշանն են, իսկ այս հիվանդությունն ախտահարում է ինչպես մաշկը, այնպես էլ ճարպագեղձերն ու մազարմատները։ Այդ գեղձերը մաշկային ճարպ են արտազատում, իսկ երբ դրանց աշխատանքը դուրս է գալիս վերահսկողությունից, մաշկը պատվում է բշտիկներով։ Առավել հաճախ մաշկային այս խնդիրն ի հայտ է գալիս դեռահասության տարիքում ու սեռական հասունացման շրջանում, ուստի որպես կանոն ասոցացվում է հենց այս տարիքի հետ, սակայն կան նաև մի շարք այլ գործոններ, որոնք կարող են դառնալ բշտիկների առաջացման պատճառ ամենատարբեր տարիքի մարդկանց մոտ, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։
Սովորաբար բշտիկներն ախտահարում են դեմքը, մեջքը, կրծքավանդակն ու ուսերը, սակայն առավել հաճախ դրանք ի հայտ են գալիս մարդու դեմքին։ Ընդ որում՝ մասնագետները խորհուրդ են տալիս շատ ուշադիր լինել դեմքին բշտիկներ նկատելու դեպքում, քանի որ կախված ախտահարման հատվածից դրանք կարող են պայմանավորված լինել ամենատարբեր խնդիրներով, այդ թվում նաև բավական լուրջ հիվանդություններով։
Մասնագետները ներկայացրել են դեմքի տարբեր հատվածներում բշտիկների առաջացման հիմնական պատճառները, որոնք իմանալը կօգնի հեշտությամբ պայքարել ինչպես մաշկային այս խնդրի, այնպես էլ հիմնական հիվանդության դեմ։
Կզակին ի հայտ եկած բշտիկներ
Կզակին բշտիկների ի հայտ գալու հիմնական պատճառը հորմոնալ փոփոխություններն են լինում։ Կանանց մոտ նման բշտիկներ կարող են ի հայտ գալ դաշտանից մի քանի օր առաջ։ Դրանց առաջացման հավանականությունը նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հորմոնալ ֆոնը կարգավորող սննդամթերք օգտագործել։
Այտերին ի հայտ եկած բշտիկներ
Այտերին առաջացած բշտիկների հիմնական պատճառն օդի վատ որակն է․ դրանք առաջանում են, երբ մաշկը շփվում է օդում պարունակվող աղտոտող նյութերի հետ։ Բացի այդ, դեմքի այս հատվածում բշտիկների առաջացմանն են նպաստում նաև արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, շնչառական խնդիրներն ու բերանի խոռոչի վատ հիգիենան (դիմակ կրելու դեպքում)։
Ճակատին ի հայտ եկած բշտիկներ
Ճակատի հատվածում առաջացած բշտիկները կարող են հուշել մարսողական համակարգի հիվանդությունների, լյարդի հետ կապված խնդիրների, սթրեսի բարձր մակարդակի և համապատասխանաբար նաև սթրեսի հորմոնների բարձր մակարդակի մասին, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։
Քթին ի հայտ եկած բշտիկներ
Նման բշտիկները լուրջ պատճառ են զարկերակային ճնշումն ստուգելու համար։ Մասնագետների խոսքով՝ քթին առաջացած բշտիկների մեծ մասի հիմնական պատճառը դառնում են զարկերակային գերճնշումն ու սրտային հիվանդությունները, ուստի նման բշտիկների դեպքում հարկավոր է ստուգել սրտանոթային համակարգի վիճակը։