Առաջինը չէ, բայց արդեն երկրորդը չէ
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի մոսկովյան այցը կասկածից դուրս նշանակալի էր: Այդ մասին չափազանց թափանցիկ շեշտադրումներով խոսել է Իլհամ Ալիեւը՝ ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովի հետ հանդիպմանը՝ հատուկ ընդգծելով, որ միջազգային հարաբերություններում աննախադեպ է, երբ կարգավիճակով պետության երկրորդ դեմքն արժանանում է հյուրընկալ երկրի առաջնորդի ընդունելությանը:
Խոսքն Ռուսաստանի նախագահի կողմից Մեհրիբան Ալիեւայի պաշտոնական ընդունելության մասին է, որի առթիվ ռուս մեկնաբաններից մեկն ասել է, թե «նախապատրաստվել է երեք ամիս ի վեր՝ սկսած այն պահից, երբ ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց Ալիեւային «Բարեկամություն» շքանշանով պարգեւատրելու մասին»: Մեկնաբանների ուշադրությունից չի վրիպել, որ անցյալ տարի Մեհրիբան Ալիեւան մեկնել էր Փարիզ, որտեղ նրան հյուրընկալող ամենաբարձրաստիճան պաշտոնյան Սենատի նախագահն էր, թեեւ ուղեւորությունը կազմակերպվել էր նախագահ Մակրոնի հետ հանդիպման հույսով: Այդուհանդերձ, ադրբեջանական «Թուրան» գործակալության վերլուծաբանները պնդում են, որ տեւական ժամանակ է՝ դիվանագիտական խողովակներով «հող է նախապատրաստվում Մեհրիբան Ալիեւայի վաշինգտոնյան այցի համար»:
Ստացվում է, ինչպես ադրբեջանցի մեկնաբաններից մեկն է ձեւակերպում, որ իշխանության վերնախավում Մեհրիբան Ալիեւան «առաջինը չէ, բայց արդեն երկրորդն էլ չէ»: Ահա այսպիսի «կիսահղի» իրավիճակում է Ադրբեջանը, որը բնութագրվում է վերնախավի նախիջեւանյան ծագման թեւի թուլացմամբ եւ Բաքվի «սուբէթնիկ հանրույթի» դիրքերի ամրապնդմամբ: