Աշխարհ Ռուսաստանում ուզում են սահմանափակել արհեստական բանականության կիրառումը Աշխարհ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Ռուսաստանում առաջարկում են օրենսդրորեն սահմանափակել արհեստական բանականության պրոդուկտների եւ առաջարկած գործիքների զարգացման մշակումն ու կիրառումը այն դեպքերում, երբ դրանք կարող են վնաս հասցնել պետությանն ու հասարակությանը։ Նման դրույթ է ներառվել «Արհեստական բանականության հակամարգերի կարգավորման մասին» օրինագծում։ Նախագիծը կազմվել է աշխատանքային հատուկ խմբի կողմից, որի մեջ մտնում են իրավաբաններ, խորհրդատվական ընկերություններ, արհեստական բանականության շուկայի մասնակիցներ։ Համաձայն ռուսական RBC-ի փոխանցման, այդ օրինագծով առաջարկվում է արհեստական բանականության համակարգերը բաժանել մի քանի խմբերի՝ ըստ ռիսկայնության՝ նվազագույն, սահմանափակ, բարձր եւ անընդունելի։ Ռուսաստանում, ըստ օրինագծի, պետք է արգելվի «անընդունելի» կատեգորիայում հայտնված արհեստական բանականության պրոդուկտների մշակումն ու կիրառումը։ Նման համակարգերը, ըստ օրինագծի հեղինակների, սպառնալիք են պարունակում անձի, հասարակության եւ պետության անվտանգության հանդեպ, ինչպես նաեւ ոտնահարում են մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Բարձր ռիսկայնության համակարգերը պարտադիր կերպով պետք է անցնեն պետական գրանցում եւ հավաստագրում։ Այդ դասակարգին են պատկանում տրանսպորտում, առողջապահությունում, ֆինանսական համակարգում, ուժային մարմիններում եւ մյուս այն ոլորտներում կիրառվող արհեստական բանականության հնարավորություններն ու պրոդուկտները, որտեղ կարող են մարդկանց համար զգալի ռիսկեր պարունակել։ Սահմանափակ ռիսկայնության համակարգերի դեպքում հավաստագրումը առաջարկվում է կազմակերպել կամավորության սկզբունքով։ Օրինագիծը նախատեսում է նաեւ չարաշահումների, ֆորս-մաժորային իրավիճակների եւ իրավախախտումների դեպքերի համար պատասխանատվության, փոխհատուցման եւ պարտադիր ապահովագրության ընթացակարգերը։