Անու՜շ, ընկեր Նաջարյան․․․
Մանիպուլյացիոն հնարք է, երբ մի թեմա ուզում են «ջրեն», այնպիսի թեմաներ են «մեյդան բերում», որ դրանց մեջ այն մոռացվում ու հիշատակվելու դեպքում էլ ուշադրության չի արժանանում։ Դա մանիպուլյացիոն շեղում է կոչվում։ Սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երկրում նման մանիպուլյացիոն շեղումներով կարելի է ժամանակավորապես հասարակությանը արգելակել, նրանց պահանջմունքները երկրորդական պլան մղել, բայց քանի որ կեցությունն է որոշում գիտակցությունը, մարդը շատ շուտ ուշքի է գալիս։
Նոր իշխանությունը մանիպուլյացիոն հզոր զինանոցի է տիրապետում։ Մի ժամանակ Կաշպիրովսկի էին ասում ու անհանգիստները հանգիստ քնում։ Հիմա նույն մեթոդն է կիրառվում, Կաշպիրովսկու մի խայծ են գցում մարդկանց առաջ ու անում այն, ինչ ուզում են։ Ձեզ չի՞ զարմացնում, թե ինչու բազմաթիվ ցնցող մանրամասներ երևան եկան հենց Ամանորի շեմին։ Պատահական համընկումնե՞ր են, թե մանիպուլյացիոն ժեստեր։ Օնլայն հարթակը նայեք ու կսարսափեք։ Տեսեք երկու օրվա մեջ ինչքա՜ն շեղող խայծեր են նետվել հանրության առաջ։
Ամանորի շեմին, երբ մարդկանց մեծ մասը մտածում է՝ որտեղից գտնի անհրաժեշտ գումար, որպեսզի մի փոքրիկ սեղան գցի։ Ու կողքից լսում է, որ բոլոր պաշտոնյաներն իրենց միլիոնների հասնող աշխատավարձի չափով պարգևատրություններ են ստանում։ Իշխանությունը մտածում է, որ պաշտոնյաների՝ երկնքից մանանայի նման թափվող պարգևատրությունների սելավին աղքատ ժողովուրդը արձագանքը ո՞նց մեղմի։ Եվ որովհետև ինքը աղքատ խավի մասին չի մտածում, որ նրանց մի փոքր օգնի, մտածում է՝ մանիպուլյացիայի դիմել։ Շեղել հանրությանը էմոցիոնալ թեմաներով՝ Քոչարյան, Սերժ, թալան․․․ Նման թեմաներով կարելի է հանրության ընդհանրական ուշադրությունը շեղել։
Օնլայն հարթակում տեսեք, թե ինչ համարժեք թեմաներ են շրջանառվում։
Այդ բոլոր թեմաները եկան ու խտացան Ամանորի շեմի՞ն․․․ Մանիպուլյացիայի հնարքներին չտիրապետող մարդը, երբ այսօր լսում է, որ ասենք՝ Ազգային ժողովում պաշտոնյաներն իրենց մեկ միլիոնանոց աշխատավարձերի չափով պարգևատրություններ են ստացել, գումարած հազար ու մի բան, արձագանք չի ունենում, որովհետև խճճված է լինում իշխանության հյուսած մանիպուլյացիոն սարդոստայնի մեջ։ Շա՜տ- շա՜տ ԱԺ նախագահին ասի՝ անու՜շ, ընկեր Նաջարյան․․․ Նրա ուշքն ու միտքը Քոչարյանի ազատության համար ստորագրածներն են, դատական պրոցեսները, նա տարված է «երևակայական թշնամու դեմ» պատերազմով։ Իսկ «դրսի հետ» պատերազմի մեջ գտնվող մարդուն իր «եսը, ներսը» քիչ է հետաքրքրում։