Աննա Հակոբյանը Կատարում ձիասպորտային փառատոնի է մասնակցել

Փետրվարի 8-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Կատարում ՀՀ դեսպանության մի շարք ներկայացուցիչներ և հայկական պատվիրակության այլ անդամներ ներկա գտնվեցին «Քատարա արաբական ձիերի միջազգային փառատոնի» (KIAHF 2025) փակման հանդիսավոր արարողությանը։

KIAHF-ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ձիասպորտային փառատոններից մեկը, որը կազմակերպվում է Կատարի մշակութային հիմնադրամի, Կատարի ձիասպորտի Ֆեդերացիայի կողմից՝ նպաստելու մաքուր ցեղատեսակի արաբական ձիերի ճանաչմանն ու պահպանմանը։ Միջոցառումն անցկացվում է Կատարի պետության Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի բարձր հովանու ներքո և ներառում է տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակի մրցույթներ, ձիերի ցուցահանդեսներ, միջոցառումներ և աճուրդներ։ Փառատոնի փակման շքեղ միջոցառման ընթացքում անցկացվեցին տարբեր անվանակարգերի առաջնություններ, պարգևատրվեցին ամենագեղեցիկ, ամենալավ կարողություններով և ամենաճկուն ձիերը։

Այս փառատոնը ոչ միայն ընդգծում է Կատարի ավանդական ձիասպորտային ժառանգությունը, այլև ներգրավում է միջազգային հանրության ուշադրությունը, որպես մշակութային կապերի ամրապնդման միջոց։ Այս տարի փառատոնը ներառում էր նաև մի շարք մշակութային և գեղարվեստական միջոցառումներ, ինչպիսիք են՝ նամականիշների ցուցահանդեսը, նկարիչների սադլ-արտ ցուցահանդեսը, 3D նկարչություն գետնի վրա և այլն:

Share This