Այսօր պիտի աննկուն մնանք Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման․ Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ.
Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,
Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Արդ, խոնարհում բերելով մեր հերոսների անմար հիշատակի առջև՝ ներշնչվենք նրանց պայծառ օրինակով և համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով և ազգաշահ իրագործումներով։
Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և շնորհավորանքն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին:
Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարօր կյանքի համար և հայցում Բարձրյալից, որ այլևս մարդկային կյանքում տեղ չգտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներ ու արհավիրքներ։ Թող հարուցյալ Տիրոջ շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ այսօր և միշտ և հավիտյանս․ ամեն: