Այսօր հայ գրականության հանճար Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
Մարտի 13-ին ընթերցասեր հանրությունը նշում է հայ գրականության հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը։ Չարենցը կյանքից հեռացավ ընդամենը 40 տարեկանում՝ թողնելով հարուստ և անգնահատելի գրական ժառանգություն։ Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրներից մեկը։
Եղիշե Չարենցն այն բացառիկ հեղինակներից մեկն է, ում ստեղծագործություններում խտացված է պատմական ժամանակաշրջանը, տեղի ունեցող դեպքերը և իրադարձությունները, Կրեմլի ու Հայաստանի քաղաքական դեմքերի գործունեությունն ու որոշումները։ Չարենցն անտարբեր չէր կարող անցնել հատկապես քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների կողքով, քանի որ յուրաքանչյուր իրադարձության հիմքում նա փորձում էր տեսնել, թե ի՞նչ կտա դա Հայաստանին։
Բացառություն չէին կազմում նաև ԽՍՀՄ առաջնորդներն ու Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարները։ Չարենցն ամուր մարդկային կապով կապված էր Ալեքսանդր Մյասնիկյանի հետ, և Մյասնիկյանի մահը շատ ծանր հարված էր բանաստեղծի համար, հատկապես, որ նա Մյասնիկյանի մահվան բոթը լսեց Վենետիկում, իսկ այդ ժամանակ նա արտասահմանյան ուղևորություն էր իրականացնում հենց Մյասնիկյանի որոշումով և կարգադրությամբ։ Չարենցի համար շատ ծանր հարված էր 1936 թվականի հուլիսի 9-ին Աղասի Խանջյանի ողբերգական սպանությունը։ Բերիայի կողմից իրականացված Աղասի Խանջյանի սպանությունը որակվեց որպես ինքնասպանություն, սակայն Չարենցը և շատերը գիտակցում էին, որ դա խորհրդային
համակարգի հերթական մութ սպանությունն է։
Չարենցի ստեղծագործական համակարգում մեծ տեղ ունեին նաև ԽՍՀՄ առաջնորդները։ Լենինի կերպարին նա անդրադառնում է իր ստեղծագործություններում, ինչպես նաև նրա մարդկային հատկանիշների մասին խոսում է իր օրագրային գրառումներում և նամակներում։
Չարենց-Ստալին հեռահար կոնֆլիկտը սկսեց սահմանվել հենց 1933 թվականից, երբ «Գիրք ճանապարհի» գրքում տպագրվեց «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» ստեղծագործությունը, որով Չարենցը ցույց էր տալիս Լենինի մահից հետո իշխանության համար պայքարող Ստալինին և Տրոցկուն։ Ստեղծագործությանը ծանոթացավ և Իոսիֆ Ստալինը, ով չներեց….
Եղիշե Չարենցը մահացավ 1937 թվականի նոյեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7-ին Երևանի բանտի հիվանդանոցում։ Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տևած անգիտակից վիճակը։ Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին «օրգանիզմի ընդհանուր հյուծման», ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել…Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպություն
