ԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Լեռնային Ղարաբաղի կորստից հետո. VOA

Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները՝ Թրամփն ու Հարիսը, հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում, գրում է Ամերիկայի ձայնը։

Դաշնակահարուհի Շուշաննա Հակոբյանը Լոս Անջելեսում գործող Music for Unity բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Շուշաննան մրցույթ է նախաձեռնել ամերիկացի կոմպոզիտորների շրջանում, որոնք երաժշտություն են գրել իր փոքրիկ հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի մասին։ Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների խնդրին։

«Եթե արդարություն կա, եթե կա խոսքի ազատություն, և մենք հավատում ենք, որ այն կա, ապա Ամերիկան կարող է օգնել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց հայրենիքը, ստիպված են հեռանալ այնտեղից՝ Արցախից, նրանք վերադառնան։ Կարծում եմ՝ պետք է ինքներս մեզ օգնենք, և, իհարկե, հուսով եմ, որ Քամալա Հարիսը ղարաբաղցիներին տուն կբերի»,- ասում է Շուշաննա Հակոբյանը։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն այս տարվա սեպտեմբերին նամակ էր հղել Ամերիկայի հայ համայնքին՝ խոստանալով իր աջակցությունը։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու և տարածաշրջանում կայունության համար։ Շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- նշել էր ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն։

Դոնալդ Թրամփն չէր կարող անարձագանք թողնել Հարիսի քայլը, և հանրապետական գործիչը բարձրացրեց խաղադրույքը՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ, ինչպես ցանկանում է լսել հայկական արմատներով ամերիկյան ընտրազանգվածը։

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ու բռնի տեղահանման ենթարկվեցին Արցախում։ Երբ դառնամ [ԱՄՆ] նախագահ, կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- իրեն պատկանող Truth սոցհարթակում մոտ տաս օր առաջ գրել է Թրամփը:

Օրերս հայկական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինին և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։

Բայց հայ համայնքի ներկայացուցիչները նշում են՝ հենց Թրամփի օրոք էր՝ 2020 թվականին, երբ բռնկվեց 44-օրյա պատերազմը։

«Թրամփն ԱՄՆ նախագահն էր, երբ պատերազմը սկսվեց։ Մերոնք գնացին նրա հանրահավաքներին։ Խնդրում էին, օգնություն էին խնդրում։ Բացի հրադադարի կոչերից ոչինչ չարվեց։ Եվ մենք կորցրինք Արցախը»,- ասում է Armenian Eagles Foundation-ի ներկայացուցիչ Իվետա Հովսեփյանը։

2020 թվականին Լոս Անջելեսի տասնյակ հազարավոր հայեր բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պահանջելով օգնություն տրամադրել Ղարաբաղի իրենց հայրենակիցներին։ Մասնակցում էին Թրամփին աջակցող ցույցերին՝ փորձելով գրավել նրա ուշադրությունը։

«2020-ի պատերազմի ժամանակ Թրամփը [ԱՄՆ] նախագահ էր։ Մենք՝ ամերիկահայերս, ակնկալում էինք, որ նրա վարչակազմը կմիջամտի, կդադարեցնի այն, բայց դա տեղի չունեցավ։ Իսկ վեց ամիս անց նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Որպես հայ, ճիշտն ասած, ինձ պետք չէ, որ որևէ մեկը ինձ ասի, որ ցեղասպանություն է եղել։ Ես գիտեմ, որ եղել է, պապս ականատես է եղել։ Ինձ պետք է, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան անի Հայաստանի համար»,- ասում է Ջեք Հաճինյանը։

Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն այս տարվա սեպտեմբերին Կոնգրեսին ներկայացրեց մի ակտ, որի նպատակն է ստեղծել հիմնադրամ՝ Ղարաբաղից փախստականներին օգնելու համար։

«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հանգեցրել են հումանիտար աղետի և հավասարազոր են էթնիկ զտումների»,- հայտարարել է Շիֆը, ով պարբերաբար մասնակցում է Լոս Անջելեսի հայ համայնքի միջոցառումներին։

Կոնգրեսի 30-րդ ընտրատարածքը, որտեղից ընտրվել է Շիֆը, ներառում է Բըրբենքն ու Գլենդեյլը, տարածքներ, որտեղ հայերը մեծաթիվ են։ Այս ընտրություններում ևս Ադամ Շիֆի համար չափազանց կարևոր են հայերի ձայները, բայց Ղարաբաղի պատերազմից հետո հայ համայնքում տեսակետները փոխվել են։

«Ցեղասպանություն էր, որը ոչ ոքի չէր մտահոգում։ Աշխարհին մեկ էր»,- ասում է Գլենդեյլի բնակչուհի Անահիտ Սարյանը։

«Մեզ հարկավոր է մեկը, ում վստահում ենք, որպեսզի նա, կրկնում եմ՝ նա, կատարի մեզ տված իր խոստումները»,- նշում է Գլենդեյլի մեկ այլ բնակչուհի Մելինա Սարգսյանը։

«Չգիտեմ, թե ինչ է նրանց մտքում։ Ուղղակի, հուսով ենք, որ ինչ-որ մեկը կօգնի Հայաստանին»,- հավելում է Գլենդեյլի բնակիչ Թոմաս Թոմասյանը։

«Ամերիկահայերը հիասթափված են երկու վարչակազմերից էլ։ Մեկը չդադարեցրեց պատերազմը, երկրորդը ֆինանսական օգնություն ցուցաբերեց ադրբեջանական կողմին։ Կարծում եմ՝ այժմ հայերն իրենց ընտրությունը կկատարեն հօգուտ այն թեկնածուի, ով կբարելավի իրենց կյանքը Ամերիկայում»,- ասում է Ջեք Հաճինյանը։

«Շատ խոսվեց, թե ինչու են լուրերում անդրադառնում այլ երկրներին, նրանց ֆինանսական օգնություն են ցուցաբերում, զենք ուղարկում Ուկրաինա և Իսրայել, բայց բոլորը մեզ անտեսում էին, երբ կորցնում էինք Արցախը ու հայերը թողնում էին իրենց տները։ Շատ եմ լսել, որ [օգնության] դիմաց Հայաստանը տալու ոչինչ չուներ»,- ասում է Armenian Eagles Foundation-ի ներկայացուցիչ Իվետա Հովսեփյանը։

«Սա հուսահատություն է, ոչ թե հիասթափություն, երբ մտածում ես, որ քեզ լքել են, քեզ դավաճանել են, դու պատերազմի մեջ ես, հազարավոր տարիներ այնտեղ ապրած մարդիկ մահանում են, ոչնչացնում են նրանց ու վտարում իրենց տներից։ Հուսով եմ, իրոք, հուսով եմ, որ սա պարզապես քաղաքական քայլ չէ, որ հայտարարում են մեր թեկնածուները Ամերիկայում։ Տեսնում ենք, որ երկու կողմն էլ խոսում են։ Իսկապես, հույս ունեմ, որ գոյություն ունի մարդասիրություն և արդարություն»,- ասում է Շուշաննա Հակոբյանը։

Ինչևէ, Ամերիկայում մեկ միլիոնից ավելի հայեր ընտրելու իրավունք ունեն. Նրանց մեծ մասն ապրում է Կալիֆոռնիայում, որտեղ ավանդաբար հաղթում են դեմոկրատները։ Բայց հայերը բնակվում են նաև տատանվող նահանգներում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը այս տարի հայտարարել է, որ պաշտոնապես չի սատարելու ԱՄՆ նախագահի որևէ թեկնածուի:

Share This