ԱՀ նախագահը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչների հետ
Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են: Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։