Ադրբեջանում շատ ծանր են տարել այն լուրը, թե ինչ պատվիրակության կազմով է ԱՄՆ ներկայացված լինելու COP29-ի միջոցառմանը
Ադրբեջանում շատ ծանր են տարել այն լուրը, թե ինչ պատվիրակության կազմով է ԱՄՆ ներկայացված լինելու COP29-ի միջոցառմանը։ Դա հակաամերիկյան հերթական հիստերիայի պատճառ է դարձել։
Մասնավորապես, Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Էլման Մամեդովը, անդրադառնալով ամերիկյան պատվիրակության կազմին, ասել է․ «COP29-ը ոչ թե ադրբեջանական, այլ միջազգային իրադարձություն է։ Պարզապես այս անգամ այն անցկացվում է Ադրբեջանում։ ԱՄՆ-ն իր վերաբերմունքն է հայտնում միջազգային այս իրադարձությանը՝ իր ուղարկած պատվիրակությամբ։ Մյուս կողմից, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ի դեմքն ու ով լինելը, ապա կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն ամենաստոր մակարդակի քայլերի ունակ պետություն է։ Միացյալ Նահանգները հայտնի է որպես ցեղասպանություններ իրականացնող, հակամարտություններ, հեղաշրջումներ հրահրող և աշխարհի բոլոր ծայրերում տարբեր տհաճ գործողություններ կատարող երկիր։ Ուստի նա իրեն արժանի պատվիրակություն է ուղարկում։ Նրանք, ովքեր կարծում են, որ դա կվնասի Ադրբեջանի հեղինակությանը, սխալվում են»։
Նշեմ, որ Բաքվում անցկացվելիք COP29-ի գագաթնաժողովին ԱՄՆ պատվիրակությունը կներկայացնեն ավելի քան 20 նախարարություններ, գերատեսչություններ և կազմակերպություններ: Պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ նախագահի միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան: Թե ինչու են Բաքվում այդքան ագրեսիվ այդ պատվիրակության կազմի հանդեպ, անհասկանալի է, բայց որ Ալիևը շարունակում է Արևմուտքի հետևողական «դեմոնիզացիայի» գործընթացը՝ դա ակնհայտ փաստ է։